Ժողովրդի համար ևւ հանուն ժողովրդի
Հետևում են մնացել խորհրդարանական ընտրությունները` օրիգինալ, իր տեսակում հանճարեղության հասնող խեղաթյուրումներով ընտրությունները:
Եվ նորից օրենսդրական իշխանության թևը սկուտեղի վրա համեմունքներով հանդերձ հանձնվեց օլիգարխիային` թողնելով նվազագույն թվով մանդատներ աղմկող կուսակցություններին կամ դաշինքին: Արդյունքում ձևավորվեց Ազգային ժողովի նոր կազմ, որտեղ նորից պրոֆեսիոնալները չնչին տոկոս են կազմում:
Արդյո՞ք իվիճակի է նոր կազմով Ազգային ժողովը իրականացնելու հսկայածավալ օրենսդրական բարեփոխումներ, լուծելու բազմաբնույթ հրատապ խնդիրներ, որոնք անխտիր տեղ էին գտել քարոզարշավի դուրս եկած բացարձակապես բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում:
Ցավոք, իրականությունն ավելի դաժան է, քան վարդագույն ապակիների միջով հարազատ ժողովրդին նայելը և ականջ շոյող փուչիկին նմանվող պոպուլիստական խոստումներ աջ ու ձախ շռայլելը:
Այո, իրականությունն ավելի դաժան է և հետևանքներն իրենց սպասեցնել չտվեցին: Ընտրություններից դեռ շաբաթ չէր անցել, որ սկսվեցին բնակչության համար սովորական դարձած անհատույց թանկացումները…
Դեմ չենք, որ ժողովուրդը վճարում է իր վրիպումների համար, իսկ իշխանությունները չե՞ն մտածում, որ վերջիվերջո իրենք էլ են պատասխանատու լինելու իրենց արարքների համար…
«Միավորված հայեր» կուսակցությունը իր վարած քաղաքականությանը համապատասխան` պատրաստ է աջակցություն ցույց տալու ցանկացած քաղաքական այրին, կուսակցությանը, ցանկացած քաղաքացու` պետականամետ գործունեություն իրականացնելու համար, գործելու ի շահ հայոց անկախ պետականության և հայ ժողովրդի:
Չմոռանանք, սիրելի´ հայրենակիցներ, որ հայ ժողովուրդը վաղուց է արժանի ժամանակակից, քաղաքակիրթ ու բարեկեցիկ կյանքով ապրելու և նեցուկ դառնալու համայն աշխարհով սփռված մեր ազգակիցներին, այլ ոչ թե հակառակը` Սփյուռքը` Հայրենիքին:
«Միավորված հայեր» կուսակցությունը, անկախ ամեն ինչից, շնորհավորում է Ազգային ժողովի մանդատ ստացած բոլոր կուսակցություններին և մեծամասնական ընտրակարգով ընտրված անկախ պատգամավորներին` հուսալով, որ նրանք կցուցաբերեն բարի կամք և պետական մտածողություն ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն երկրի ապագայի, հանուն Հայաստանի բարօրության, հանուն հայ ժողովրդի ազգովի միասնության և բարգավաճման:
«Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհուրդ