Կուսակցություն » Կանոնադրություն
2012թ. 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1.«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» կուսակցությունը` հապավումը ՄՀԿ, քաղաքական և հասարակական նպատակներ հետապնդող, ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում գործող քաղաքացիների կամավոր քաղաքական կազմակերպություն է (կուսակցություն), որը հանդես է գալիս որպես ազգային-հայրենասիրական, կենտրոնաձիգ, հզոր և կայուն պետականության կողմնակից, երրորդ ուժ:
1.2. ՄՀԿ արտահայտում է հայ ժողովրդի հասարակական-քաղաքական և սոցիալ-իրավական շահերը: Նրա հիմնական արժեքներն են. միասնությունը, ազատությունը, արդարությունը, համերաշխությունը և ազգային գաղափարախոսությունը:
1.3. ՄՀԿ պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 2000 (երկու հազար) անդամ, ընդ որում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 (հարյուր) անդամ և տարածքային ստորաբաժանումներ` Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երևան քաղաքում: Բացի նշված ստորաբաժանումներից, ՄՀԿ իրավունք ունի, համաձայն  «Կուսակցությունների մասին» ՚  2002 թ. օգոստոսի 15-ի N 34(209) Հայաստանի Հանրապետության  օրենքի և սույն կանոնադրության, սահմանված կարգով ստեղծել այլ կառուցվածքային ստորաբաժանումներ:
1.4. ՄՀԿ ղեկավար մարմիններն ու նրա տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները կարող են գտնվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ պետություններում ՄՀԿ կարող է ունենալ միայն ներկայացուցչություն:
1.5. ՄՀԿ, համաձայն «Կուսակցությունների մասին» վերը նշված ՀՀ օրենքի, նախատեսված կարգով ենթակա է պետական վերագրանցման: ՄՀԿ մարզային, տարածքային և սկզբնական կառուցվածքային ստորաբաժանումները պետական գրանցման ենթակա չեն:
1.6. ՄՀԿ կազմավորվում է ազատորեն` իր անդամների և հիմնադիր համագումարի որոշմամբ, ստեղծվում հիմնադիր համագումարում, որի ընթացքում որոշումներ են ընդունվում ՄՀԿ հիմնադրման, նրա ծրագրի ընդունման, կանոնադրության հաստատման, ղեկավար խորհրդի և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին:
1.7. Օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից ՄՀԿ հանդիսանում է իրավաբանական անձ, օգտվում է իրավաբանական անձի կարգավիճակից բխող, ինչպես նաև օրենքով սահմանված իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:
1.7. ՄՀԿ հիմնադիրները նրա հիմնադիր համագումարի մասնակիցներն են, որոնք կուսակցության հիմնադրման մասին որոշումն ընդունելու պահից համարվում են ՄՀԿ անդամներ: 
1.8. ՄՀԿ գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, ինքնակառավարման, անդամների իրավահավասարության, օրինականության և հրապարակայնության սկզբունքների վրա:

2.ՄՀԿ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 

2.1. ՄՀԿ նպատակն է Հայաստանում քաղաքացիական հասարակության և ժողովրդի իշխանության արմատավորման հիման վրա կերտել ճշմարիտ սոցիալ-իրավական և ժողովրդավարական պետություն, որտեղ կգործի իրավունքի գերակայությունը, ու բոլորը հավասար կլինեն օրենքի առջև, և որտեղ կպաշտպանվեն մարդու իրավունքները: ՄՀԿ ձգտում է սոցիալական արդարության, արժանապատվության, օրինականության և բարոյականության համամարդկային արժեքներին համապատասխանող իրավական հասարակության, որը կհանդիսանա ազգային միասնության ամուր երաշխիք:
2.2. ՄՀԿ խնդիրներն են. նպաստել Հայաստանի պետականության ամրապնդմանը, տնտեսական և հոգևոր ներուժի զորացմանը, ժողովրդի համակողմանի զարգացմանն ու բարգավաճմանը, քաղաքական կայունացմանը, քաղաքացիական հասարակության կառուցմանը, արտագաղթի կանխմանը, հայության համախմբմանն ու  հայրենադարձմանը, ՀՀ Սահմանադրության շրջանակներում ժողովրդավարական իշխանությունների կազմավորմանը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և Հայ Դատի արդարացի լուծման, ազգամիջյան վեճերի խաղաղ լուծման աջակցմանը: Ժողովրդի առջև ծառացած համազգային հիմնահարցերը լուծելու նպատակով ՄՀԿ դաշինք է  կազմում հասարակական և հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ:

3.ՄՀԿ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
3.1. ՄՀԿ անդամ կարող է լինել 18 տարին լրացած  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որն ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, նպաստում կուսակցության նպատակների իրագործմանը, մասնակցում է նրա կառույցներից մեկի աշխատանքին, մուծում անդամավճար:
3.2. ՄՀԿ անդամակցությունը կամավոր է և անհատական:
3.3. ՀՀ ընտրական իրավունքով օժտված այլ անձինք, համաձայն կուսակցությունների մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ կետի, կարող են անդամակցել ՄՀԿ` առանց նրա ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի:
3.4. ՀՀ քաղաքացին կարող է միաժամանակ լինել միայն մեկ կուսակցության անդամ:
Ծանոթագրություն.
1. ՄՀԿ անդամները, ովքեր ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի:
Նշված անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կաշկանդված չեն կուսակցության որոշումներով:
2.  Կուսակցության անդամ չեն կարող լինել.
ա) դատավորները,
բ) դատախազները,
գ) ՀՀ ազգային անվտանգության, ոստիկանության և իրավապահ այլ մարմինների աշխատակիցները,
դ) ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի ծառայողները:
3.5. ՄՀԿ անդամին տրվում է միասնական անդամատոմս:
3.6. ՄՀԿ անդամի ընդունելությունը կատարվում է սկզբնական կազմակերպության ժողովում` անդամագրվողի դիմումի համաձայն, ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ. սկզբնական կազմակերպություն չունենալու դեպքում` տարածքային, մարզային կազմակերպության խորհրդի կամ վարչության որոշմամբ:
3.7. Ընդունելության մասին սկզբնական կազմակերպության ժողովի որոշումը հաստատվում է տարածքային, մարզային կազմակերպության խորհրդի կողմից:
3.8. ՄՀԿ անդամները, կուսակցության կանոնադրության պահանջներին համապատասխան, ունեն իրավունքներ և պարտականություններ: Իրենց կանոնադրական պարտականությունները չկատարելու դեպքում, կուսակցության անդամները կարող են կանոնադրությամբ նախատեսված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ` կուսակցությունից հեռացման: 
3.9. ՄՀԿ անդամի համար ՄՀԿ անդամակցությունը դադարում է.
ա/ իր գրավոր  դիմումի համաձայն կուսակցությունից դուրս գալու դեպքում
բ/ նրա մահվան դեպքում
գ/ կուսակցության լուծարման դեպքում:

4.ՄՀԿ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՄՀԿ անդամն իրավունք ունի.
4.1. Ընտրել և ընտրվել ՄՀԿ ու նրա տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների մշտական գործող ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում /այդ թվում՝ տվյալ մարմինների պատվիրակ, նախագահ, ղեկավար կամ քարտուղար/,  տարածքային  և /կամ/  կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար մարմինների անդամ /այդ թվում՝ տվյալ մարմինների նախագահ, ղեկավար կամ քարտուղար/ կամ վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ:
4.2.  Ընդգրկվել  Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի՝ համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու մասին ցուցակում, առաջադրվել որպես ՄՀԿ պատգամավորության թեկնածու՝ Ազգային Ժողովի՝  մեծամասնական ընտրակարգով, ինչպես նաև թեկնածու՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ընտրովի, քաղաքական կամ քաղաքացիական նշանակովի պաշտոններում ընտրվելու /նշանակվելու/ նպատակով:
4.3. Տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ:
4.4.  Վերահսկողություն իրականացնել ՄՀԿ գործունեության նկատմամբ: 
4.5. Սույն Կանոնադրությամբ նախատեսված կարգով բողոքարկել նշված մարմինների որոշումներն ու գործողությունները: 
4.6. Հարց բարձրացնել, հայտնել իր կարծիքը քննարկվող խնդիրների վերաբերյալ, հրապարակայնորեն արտահայտել իր տեսակետը, ինչպես նաև ՄՀԿ ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակության կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ:
4.7. Մասնակցել կուսակցական միջոցառումներին, կուսակցության ժողովներում և նրա նիստերում հանդես գալ առաջարկություններով և հայտարարություններով:
4.8. Տեղեկատվություն ստանալ ընտրովի մարմինների գործունեության մասին: 
4.9. Իր դիմումի համաձայն դուրս գալ կուսակցությունից:
4.10. Օգտվել սույն կանոնադրությամբ և օրենքով նախատեսված այլ իրավունքներից:

5. ՄՀԿ ԱՆԴԱՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄՀԿ անդամը պարտավոր է.
5.1. Քննարկել և կատարել ՄՀԿ համագումարի, մարմինների որոշումները:
5.2. Մասնակցել կուսակցության քաղաքականության և ծրագրերի իրականացմանը:
5.3. Իր վարքագծով և գործունեությամբ չարատավորել կուսակցությունը, քարոզչություն կամ այլ գործունեություն չծավալել ՄՀԿ գաղափարական սկզբունքների դեմ:
5.4. Եռամսյակը մեկ մուծել անդամավճար:

6. ՄՀԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1. ՄՀԿ իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով`
  • գ կանոնադրական նպատակներին ու խնդիրներին համապատասխան ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ, ներկայացուցչություններ, ինչպես նաև կազմալուծել դրանք, 
  • կազմակերպել և անցկացնել ժողովներ, ցույցեր, հանրահավաքներ, երթեր ու այլ հասարակական-քաղաքական միջոցառումներ,
  • ազատորեն տեղեկություններ տարածել իր գործունեության վերաբերյալ, քարոզել իր նպատակները և խնդիրները,
  • մասնակցել պետական և տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը,
  • հասարակական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ հանդես գալ նախաձեռնություններով, առաջարկներ ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին` հասարակության քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի ցանկացած հարցով,
  • հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ ու հրատարակչություններ,
  • այլ կուսակցությունների հետ, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ստեղծել դաշինքներ (միավորումներ),
  • հաստատել և պահպանել միջազգային կապեր ու շփումներ օտարերկրյա կուսակցությունների և միավորումների հետ, մտնել միջազգային միությունների ու ասոցիացիաների մեջ,
  • իրականացնել կանոնադրությանը համապատասխանող այլ գործունեություն:
6.2. ՄՀԿ, որպես կուսակցություն, քաղաքական միավորում է, որն իրավունք ունի թեկնածուներ առաջադրել Ազգային Ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության Նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ավագանու ընտրություններում:
6.3. ՄՀԿ պարտավոր է.
  • Պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ինչպես նաև իր կանոնադրությունը, ծրագիրը և որոշումները,
  • յուրաքանչյուր տարի մամուլում հրապարակել կուսակցության գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն` նշելով դրա կազմավորման աղբյուրները:
7.ՄՀԿ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

7.1. Կուսակցության տարածքային ստորաբաժանումներն են.
ա/ Կուսակցության սկզբնական կազմակերպությունը,
բ/ Կուսակցության տարածքային կազմակերպությունը,
գ/ Կուսակցության մարզային կազմակերպությունը:
Կուսակցության կառուցվածքային հիմքը սկզբնական կազմակերպություններն են: Սկզբնական կազմակերպությունը բաղկացած է առնվազն 5 անդամից: 
Սկզբնական կազմակերպությունը ստեղծվում է վարչատարածքային և նպատակային կարգով:
ՄՀԿ սկզբնական կազմակերպություններ կարող են ստեղծել.
  • սկզբնական կուսակցության կազմակերպական հանձնաժողովը,
  • կուսակցության տարածքային խորհուրդը,
  • կուսակցության մարզային խորհուրդը:
7.2.Սկզբնական կազմակերպության ժողով հրավիրվում է առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Կազմակերպության ժողովը իրավազոր է, եթե մասնակցում է կազմակերպության անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ  մեծամասնությամբ, բաց կամ փակ քվեարկությամբ: Փակ քվեարկությունն անցկացվում է մասնակիցների 1/3-ի պահանջով:
7.3. Սկզբնական կազմակերպության ժողովը բաց քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարի ժամանակով ընտրում է նախագահ կամ համանախագահներ և տեղակալներ: Սկզբնական կազմակերպության ժողովի որոշմամբ կարող են անցկացվել նախագահի կամ համանախագահների և տեղակալների վաղաժամկետ ընտրություններ:
7.4. Սկզբնական կազմակերպությունը ենթակա է տարածքային կազմակերպությանը` տարածքային խորհրդին, որն իր կողմից ընտրված հանձնաժողովի միջոցով, 2 (տարի) ժամկետով վերահսկողություն է սահմանում սկզբնական կազմակերպության նկատմամբ:
7.5. Սկզբնական կազմակերպության նախագահը տարին մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում հաջորդ տարվա հունվար ամսվա ընթացքում:
Այն սկզբնական կազմակերպությունը, որի նախագահն ընտրվել է տարածքային խորհրդի նախագահ կամ համանախագահ, ընտրում է նոր նախագահ կամ համանախագահներ: Կազմակերպության հերթական համագումարից հետո, 10 օրվա ընթացքում սկզբնական կազմակերպությունն անցկացնում է նախագահի կամ համանախագահի և տեղակալի նոր ընտրություններ:
7.6. Սկզբնական կազմակերպությունն իր միջոցները ձեռք է բերում անդամավճարներից, նվիրատվություններից և փոխանցում  կուսակցության տարածքային խորհրդին:
7.7. Սկզբնական կազմակերպության գործունեության հետ կապված ֆինանսական, տարածքային, կապի, նյութական օժանդակության հարցերը կազմակերպում են նախագահը, տեղակալները` կուսակցության անդամների հետ համատեղ:
7.8. Սկզբնական կազմակերպության ղեկավարները` նախագահները, համանախագահները, տեղակալները ներկայացվում են հաստատման` համապատասխան վերադաս մարմին:
7.9. Նշված կառույցների ղեկավար մարմինների ընտրությունների ժամանակ պարտադիր է վերադաս մարմինների ներկայությունը:

8.ՄՀԿ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
8.1. Տարածքային կազմակերպություններ են ստեղծվում մարզերի ենթաշրջաններում և Երևան քաղաքի վարչական շրջաններում: Սկզբնական կազմակերպության նախագահն ի պաշտոնե տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է:
8.2. Կուսակցության տարածքային խորհրդի նախագահը կամ համանախագահները և տեղակալները ընտրվում են կուսակցության տարածքային խորհրդի նիստում` բաց քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարի ժամանակով: Տարածքային խորհրդի որոշմամբ կարող է անցկացվել տարածքային խորհրդի նախագահի կամ համանախագահի և տեղակալի վաղաժամկետ ընտրություն: Տարածքային այն կազմակերպությունը, որի նախագահն ընտրվում է մարզային խորհրդի նախագահ կամ համանախագահ, ընտրում է նոր նախագահ կամ համանախագահներ: Կուսակցության հերթական համագումարից հետո` 20 օրվա ընթացքում, անցկացվում է տարածքային խորհրդի նախագահի ընտրություն:
8.3. Կուսակցության տարածքային խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Նիստը իրազոր է, եթե մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց կամ փակ քվեարկությամբ: Փակ քվեարկությունն անցկացվում է ներկաների առնվազն 1/3-ի պահանջով: Կուսակցության տարածքային խորհուրդն իր գործունեության մասին հաշվետու է մարզային խորհրդին. հաշվետվությունը ներկայացվում է տարին մեկ անգամ` կազմակերպության տարածքային խորհրդի նախագահի կողմից: Կուսակցության տարածքային խորհուրդն իր միջոցները փոխանցում է մարզային խորհրդին, որի որոշմամբ այն կարող է նաև թողնվել տարածքային խորհրդի տնօրինմանը: Կուսակցության տարածքային խորհուրդը ծախսերի մասին յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվություն է ներկայացնում  մարզային խորհրդին:
8.4. Տարածքային կազմակերպությունը ենթակա է մարզային կազմակերպության խորհրդին, որն իր կողմից ընտրված հանձնաժողովի միջոցով, 2 (տարի) ժամկետով վերահսկողություն է սահմանում տարածքային կազմակերպության նկատմամբ:
8.5. Տարածքային խորհուրդն իրավունք ունի կուսակցության սկզբնական կազմակերպությունը լուծարելու հարց բարձրացնել կուսակցության մարզային խորհրդի առջև:
8.6. Տարածքային կազմակերպությունն իր միջոցները ձեռք է բերում անդամավճարներից, նվիրատվություններից և փոխանցում  կուսակցության մարզային խորհրդին:
ՄՀԿ մարզային խորհրդի որոշմամբ տարածքային կազմակերպությունը կարող է իր տրամադրության տակ եղած ֆինանսական միջոցներն օգտագործել իր կազմակերպչական գործունեության վրա` մարզային խորհրդին ներկայացնելով հաշվետվություն:
8.7. Տարածքային կազմակերպության գործունեության հետ կապված ֆինանսական, տարածքային, կապի, նյութական օժանդակության հարցերը կազմակերպում են նախագահը, համանախագահները, տեղակալները` կուսակցության անդամների հետ համատեղ:
8.8. Տարածքային կազմակերպության ղեկավարները` նախագահները, համանախագահները,  տեղակալները ներկայացվում են հաստատման` համապատասխան վերադաս մարմին:
8.9. Նշված կառույցների ղեկավար մարմինների ընտրությունների ժամանակ պարտադիր է վերադաս մարմինների ներկայությունը:

9. ՄՀԿ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

9.1. Հայաստանի Հանրապետության մարզերում ստեղծվում են մարզային կուսակցական կազմակերպություններ: Մարզային խորհուրդը ձևավորվում է մարզի տարածքում գործող տարածքային կազմակերպությունների նախագահների կողմից:
9.2. Կուսակցության մարզային խորհրդի նախագահը կամ համանախագահներն ու տեղակալները ընտրվում են մարզային խորհրդի անդամների կազմից` բաց քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարի ժամանակով: Մարզային խորհրդի որոշմամբ կարող է անցկացվել մարզային խորհրդի նախագահի կամ համանախագահների և տեղակալների վաղաժամկետ ընտրություն: Հերթական համագումարից հետո, մեկ ամսվա ընթացքում, տեղի է ունենում մարզային խորհրդի նիստ, որն անցկացնում է մարզային խորհրդի նախագահի կամ համանախագահների ընտրություն: 
9.3. Կուսակցության մարզային խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Նիստն իրավազոր է, եթե մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Մարզային խորհրդի որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց կամ փակ քվեարկությամբ: Փակ քվեարկությունն անց  կացվում  է ներկաների առնվազն 1/3-ի պահանջով: 
9.4. Մարզային կազմակերպությունը ենթակա է կուսակցության քաղաքական խորհրդին, որն իր կողմից ընտրված հանձնաժողովի միջոցով, երկու տարի ժամկետով վերահսկողություն է սահմանում մարզային կազմակերպության նկատմամբ: Մարզային խորհրդի նախագահը տարին մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում:
9.5. Կուսակցության մարզային խորհուրդն իր եկամուտները (ձեռք բերված անդամավճարներից, նվիրատվություններից) փոխանցում է կուսակցության ղեկավար մարմնին: 
Կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ եկամուտը կարող է թողնվել մարզային խորհրդի տնօրինությանը, որը յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվություն է ներկայացնում կուսակցության խորհրդի նախագահին:
9.6. Կուսակցության մարզային խորհուրդը կարող է լուծարել կուսակցության սկզբնական կազմակերպությունը` իր նախաձեռնությամբ կամ տարածքային կազմակերպության առաջարկով: Մարզային խորհուրդը տարածքային կազմակերպության լուծարման հարցը կարող է ներկայացնել կուսակցության քաղաքական խորհրդի քննարկմանը:

10.ՄՀԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

10.1. Կուսակցության քաղաքական խորհուրդը ընտրվում է կուսակցության համագումարում` երկու տարի ժամկետով: Քաղաքական խորհրդի անդամների թեկնածություններն առաջադրվում են համագումարի պատվիրակների կողմից: Քաղաքական խորհրդի անդամների թիվը որոշում է համագումարը: Քաղաքական խորհրդի անդամների ընտրությունը կատարվում է բաց կամ փակ քվեարկությամբ: Ընտրված են համարվում համագումարի պատվիրակների առավել ձայներ ստացած թեկնածուները:
10.2. Կուսակցության քաղաքական խորհուրդը համարվում է կազմավորված, եթե ընտրված է համագումարի որոշված թվաքանակի առնվազն 2/3-ը:
Քաղաքական խորհրդի անդամները քաղաքական խորհրդի նիստով, բաց քվեարկությամբ ազատվում են խորհրդի անդամությունից ձայների մեծամասնությամբ, եթե նիստում ընդգրկված է անդամների առնվազն 2/3-ը:
10.3. Քաղաքական խորհուրդն իր նիստերը վարելու , ինչպես նաև սույն կանոնադրությամբ քաղաքական խորհրդին վերապահված լիազորությունները համակարգելու համար ընտրում է քաղաքական խորհրդի նախագահ և տեղակալ` բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարի ժամկետով: Նախագահի հերթական ընտրությունները կատարվում են քաղաքական խորհրդի նոր կազմի ընտրություններից հետո: Եթե առաջադրվել են երկու թեկնածուներ, ապա ընտրված է համարվում առավել ձայներ ստացածը: Կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ կարող է անցկացվել կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի կամ տեղակալի վաղաժամկետ ընտրություն:
10.4 Քաղաքական խորհուրդը սահմանում է ՄՀԿ վարչության թվակազմը, կուսակցության քաղաքական խորհրդի անդամներից ընտրում է ՄՀԿ վարչության նախագահին, տեղակալներին ու անդամներին: Վերջիններս, որպես կանոն, պետք լինեն սկզբնական, տարածքային, կամ մարզային կազմակերպությունների նախագահները, համանախագահները, կամ տեղակալները:
Ծանոթություն.
Քաղաքական խորհուրդը իրավասու է ընդունել վարչության անդամի թեկնածու, եթե նա խորհրդի անդամ չէ, որն իրավասու է մասնակցել ՄՀԿ քաղաքական խորհրդի և վարչության նիստերին, առանց ձայնի իրավունքի:
 10.5. Քաղաքական խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն վեց ամիսը մեկ անգամ: Քաղաքական խորհրդի նախագահը կամ քաղաքական խորհրդի անդամների առնվազն 1/3-ը կարող են հրավիրել արտահերթ նիստ: Նիստն իրավազոր է, եթե ներկա է քաղաքական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
10.6. Կուսակցության քաղաքական խորհրդի անդամը կարող է կասեցնել իր գործունեությունը խորհրդում: Քաղաքական խորհրդի անդամի գործունեության կասեցման հարցը կարող է քննարկվել նաև կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի կամ կուսակցության քաղաքական խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով: Որոշումը ընդունվում է խորհրդի անդամների ձայների առնվազն 2/3-ով, բաց քվեարկությամբ: Կուսակցության քաղաքական խորհուրդն իրավազոր է, եթե առկա է նրա կազմի առնվազն 2/3-ը:
10.7. Քաղաքական խորհուրդը կարող է կուսակցության գործունեությանը վերաբերվող կարևորագույն հարցեր քննարկելու համար հրավիրել ընդլայնված նիստեր: Ընդլայնված նիստերին մասնակցում են կուսակցության մարզային խորհուրդների անդամները, քաղաքական խորհրդի հանձնաժողովների նախագահները, ինչպես նաև քաղաքական խորհրդի որոշմամբ հրավիրված այլ անձինք: Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջադրման համար հրավիրված  ընդլայնված նիստին մասնակցում են նաև կուսակցության տարածքային և կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների նախագահները:
10.8. Կուսակցության քաղաքական խորհուրդը մշտական գործող ղեկավար մարմին է և իրականացնում է կուսակցության` որպես իրավաբանակն անձի, լիազորությունները:
10.9. Կուսակցության քաղաքական խորհուրդը`
  • հրավիրում է կուսակցության հերթական կամ արտահերթ համագումար, հաստատում է պատգամավորների ներկայացուցչական նորմը: Համագումար հրավիրելու մասին որոշումը ընդունվում է նրա կայացման օրից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Արտահերթ համագումար հրավիրելու մասին որոշում է կայացնում ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ,
  • վերահսկում է համագումարի և իր որոշումների կատարման ընթացքը,
  • մշակում է գաղափարախոսական հիմնադրույթները, ծրագրային և կանոնադրական փաստաթղթերը, մարտավարական սկզբունքները, կուսակցության անունից անում է հայտարարություններ և առաջարկություններ,
  • չեղյալ է համարում տարածքային, մարզային կազմակերպությունների որոշումները, որոնք չեն համապատասխանում կուսակցության ծրագրին, կանոնադրությանը, նրա գաղափարական սկզբունքներին և քաղաքականությանը,
  • նշանակում և ազատում է ՄՀԿ լրատվական միջոցների ղեկավարներին,
  • կազմում է հանձնաժողովներ և հանձնախմբեր: Կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի ներկայացմամբ հաստատում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունը,
  • իր կամ մարզային խորհրդի առաջարկությամբ լուծարում է տարածքային կազմակերպությունը,
  • լուծարում է մարզային կազմակերպությունը,
  • տարին մեկ անգամ լսում է կուսակցության մարզային խորհուրդների հաշվետվությունը,
  • հաստատում է ՀՀ Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուներին,
  • հաստատում է կուսակցության նախընտրական ծրագիրը,
  • տնօրինում է դրամական ու այլ միջոցները:
10.9. Կուսակցության քաղաքական խորհուրդը դադարեցնում է իր լիազորությունները` հերթական կամ խորհրդի ընտրության օրակարգով հրավիրված արտահերթ համագումարի սկսելու օրը:

11. ՄՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ 

11.1. Կուսակցության համագումարը կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինն է, որի որոշումները պարտադիր են կուսակցության կառույցների, նրա անդամների համար:
11.2. Կուսակցության հերթական համագումարները հրավիրում են առնվազն երկու տարին մեկ անգամ` կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի` քաղաքական խորհրդի կողմից: Քաղաքական խորհրդի որոշմամբ կարող է հրավիրվել արտահերթ համագումար: Հերթական համագումարի նշանակման օրից առնվազն մեկ ամիս առաջ կուսակցության քաղաքական խորհուրդը հրավիրում է ևս մի ընդլայնված նիստ, որտեղ ճշգրտվում է համագումարի անցկացման  հետ կապված կազմակերպչական հարցերը:
11.3. Համագումարը բացում է ՄՀԿ նախագահը, և նրա առաջարկությամբ համագումարն առաջադրում է համագումարի նախագահի և քարտուղարի թեկնածություններ: Բաց քվեարկությամբ անցնում են նախագահության և քարտուղարի առավել ձայներ հավաքած թեկնածուները:
11.4. ՄՀԿ կանոնադրության և ծրագրի ընդունման, դրանց մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման մասին որոշումներն ընդունվում են կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
11.5. Համագումարի պատվիրակների ընդհանուր թիվը որոշում է կուսակցության խորհուրդը` ելնելով անդամների ընդհանուր թվից: Պատվիրակներն առաջադրվում են տարածքային կազմակերպությունների ընդհանուր ժողովներում` սկզբնական կազմակերպությունների կողմից առաջադրված ներկայացուցիչներից: Համագումարի նիստն իրավազոր է, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Համագումարի որոշումներն ընդունվում են բաց կամ փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Փակ քվեարկություն է անցկացվում ներկաների ձայների 1/3-ի պահանջով:   
11.6. Կուսակցության համագումարը`
  • կանխորոշում է կուսակցության ռազմավարական, գաղափարա-քաղաքական ուղին, կուսակցության նպատակների կենսագործման ձևը,
  • լսում և հաստատում է կուսակցության խորհրդի հաշվետվությունը,
  • քննարկում և հաստատում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, դրանց մեջ փոփոխություններ և լրացումներ է կատարում,
  • ընտրում է կուսակցության քաղաքական խորհուրդ,
  • լսում և հաստատում է կուսակցության վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը,
  • կուսակցության գործունեության վերահսկման համար ընտրում է վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողով, որի անդամների թիվը հաստատում է համագումարը: Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի անդամը կուսակցության խորհուրդների անդամ լինել չի կարող,
  • վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի անդամներն ընտրում են հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովը հաշվետու է միայն կուսակցության համագումարին,
  • որոշում է ընդունում կուսակցության լուծարման մասին: Լուծարման հարցը համագումարի օրակարգ է մտցվում կուսակցության խորհրդի որոշմամբ:
  • Լուծարման մասին որոշումն ընդունվում է պատվիրակների ձայների առնվազն 2/3-ով` բաց քվեարկությամբ: Կուսակցության լուծարման մասին որոշում ընդունելուց հետո ստեղծվում է լուծարային հանձնաժողով, որը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, տնօրինում է կուսակցության գույքն ու ֆինանսական միջոցները` համաձայն համագումարի որոշման:

 

12. ՄՀԿ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

12.1. Կազմակերպում է համագումարի հրավիրման նախապատրաստական աշխատանքը:
12.2. ՄՀԿ անունից հանդես է գալիս հայտարարություններով:
12.3. Ներկայացնում է կուսակցության շահերն ու դիրքորոշումը` պետական մարմինների, հասարակական, քաղաքական և միջազգային կազմակերպությունների հետ ունեցած հարաբերություններում, անհրաժեշտության դեպքում դրանց իրականացումը լիազորում է կուսակցության այլ անդամների:
12.4. Կասեցնում է տարածքային, մարզային կազմակերպությունների որոշումները, որոնք չեն համապատասխանում կուսակցության ծրագրին, կանոնադրությանը, նրա գաղափարական սկզբունքներին և քաղաքականությանը:
12.5. Տարածքային, մարզային կազմակերպություններին տեղյակ է պահում համագումարի և վարչության որոշումների և կուսակցության ընդհանուր գործունեության մասին:
12.6. Սահմանում է ՄՀԿ անդամավճարի չափը, ծախսերը և աշխատակազմը:
12.7. Հսկողություն է իրականացնում կուսակցության լրատվական և հրատարակչական ծառայությունների գործունեության նկատմամբ:
12.8. Համակարգում է Ազգային ժողովում, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված իր անդամների աշխատանքը:
12.9. Ազգային ժողովի պատգամավոր հանդիսացող ՄՀԿ անդամը վարչության որոշմամբ կարող է ներգրավվել վարչության աշխատանքներում:
12.10. Վարչությունը հաստատում է ՄՀԿ գանձապահ:

13. ՄՀԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄՀԿ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ-ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

13.1. ՄՀԿ ֆինանսական և հաշվապահական հաշվետվություններ է ներկայացնում իրավաբանական անձանց համար նախատեսված օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
13.2. ՄՀԿ պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, պետական լիազոր մարմին ներկայացնել ֆինանսական հաշվետվություն` հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին, որը պետք է տվյալներ պարունակի կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների ու ծավալի մասին: Հաշվառման և հաշվետվության (ներառյալ` հաշվետվության ձևերի) կարգը որոշում է պետական լիազոր մարմինը:
ՄՀԿ կողմից ընտրարշավների նախապատրաստման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:
13.3. ՄՀԿ վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովն ընտրվում է կուսակցության համագումարում` բաց կամ փակ քվեարկությամբ:
13.4.ՄՀԿ վերստուգիչ-վերահսկիչ գործունեություն է իրականացնում կուսակցության բոլոր օղակներում` ընդունված որոշումների կատարման, կուսակցության միջոցների տնօրինման առնչությամբ, քննարկում կուսակցության անդամների դիմում-բողոքները:
13.5. Հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է ՎՎՀ նախագահը, որն ընտրվում է հանձնաժողովի նիստում` բաց կամ փակ քվեարկությամբ, և մասնակցում է վարչության նիստերին:
13.6. ՎՎՀ նախագահը հաշվետու է համագումարին:
13.7. Անհրաժեշտության դեպքում կուսակցության վարչությանը կամ խորհրդին տեղյակ է պահում իր գործունեության մասին:
13.8. Տարածքային, մարզային կառույցներում ընտրված վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովները համարվում են ՄՀԿ ՎՎՀ ստորադաս կառույցներ, որոնք պարբերաբար ներկայացնում են տեղեկություններ իրենց գործունեության մասին և հաշվետու են համապատասխան տարածքային և մարզային մարմիններին:
13.9. ՄՀԿ, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, զանգվածային լրատվության միջոցներում հրապարակում է իր ֆինանսական հաշվետվությունը:

14.ՄՀԿ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

14.1. ՄՀԿ սեփականությունը գոյանում է.
  • անդամավճարներից,
  • նվիրատվություններից,
  • սահմանված կարգով իրականացված գործունեությունից,
  • օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Ծանոթություն.
ա) ՄՀԿ իրավունք ունի գույքի և դրամական միջոցների տեսքով նվիրատվություններ ստանալ ֆիզիկական անձանցից, հասարակական միավորումներից և հիմնադրամներից, իրավաբանական այլ անձանցից, ովքեր պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, իսկ իրավաբանական անձինք` իրավաբանական անձանց միջև անկանխիկ հաշվարկի կանոններով պահանջվող բոլոր տեղեկությունները (ռեկվիզիտները),
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացին դրամական նվիրատվությունը մուծում է բանկում անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ:
ՄՀԿ նվիրատվություններ չի ընդունում.
1. բարեգործական և կրոնական կազմակերպություններից, ինչպես նաև նրանց հիմնադրած կազմակերպություններից,
2. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ այդ մարմինների կողմից կուսակցությունների մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կատարվող ֆինանսավորման,
3. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնարկներից ու կազմակերպություններից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ հիմնադրված կազմակերպություններից,
4. պետական կառավարչական հիմնարկներից,
5. պետական ոչ առևտրային կազմակերպություններից,
6. նվիրատվության կատարման օրվանից մինչև վեց ամիս առաջ գրանցված իրավաբանական անձանցից,
7. օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե օտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը, փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 25 տոկոսից ավելի է,
8. միջազգային կազմակերպություններից և միջազգային հասարակական շարժումներից,
9. անանուն անձանցից:
14.2. Սեփականության իրավունքով կուսակցությանը կարող են պատկանել ծրագրային և կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ շինություններ, դրամական, փոխադրական միջոցներ և այլ գույք:
14.3. ՄՀԿ կողմից ստացված, ինչպես նաև նրա սեփական միջոցների հաշվին ստեղծված և (կամ) ձեռք բերված գույքի սեփականատերը կուսակցությունն է: Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը պատկանող գույքի կամ դրա մասի նկատմամբ և պատասխանատվություն չի կրում կուսակցության պարտավորությունների համար: Կուսակցությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար:
14.4. ՄՀԿ առանձնացված ստորաբաժանումները սեփականատիրոջ կողմից իրենց հատկացված գույքը տիրապետում և օգտագործում են կուսակցության կանոնադրությամբ նախատեսված սահմաններում ու կարգով:
14.5. Դրամական միջոցները տնօրինում են կուսակցության քաղաքական խորհրդի   նախագահը, կուսակցության քաղաքական խորհուրդը և մարզային կազմակերպությունների խորհուրդները` ըստ կուսակցության քաղաքական խորհրդի կողմից հաստատված նախահաշվի:

15. ՄՀԿ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

15.1. ՄՀԿ իրավաբանական անձ է, ունի նարնջագույն, ծոպավոր դրոշ` վերին ձախ անկյունում պատկերված կուսակցության խորհրդանիշով, կնիք` կուսակցության խորհրդանիշով, իր անվանումով դրոշմ, խորհրդանիշ, լրատվամիջոցներ, հաշվարկային և ընթացիկ հաշիվներ:
15.2. ՄՀԿ խորհրդանիշն ընդգրկում է արարատյան (ուրարտական) առյուծի, ծագող արևի, կայունություն խորհրդանշող սյան և տերևի ու բուրգի` որպես վերածննդի խորհրդանիշի պատկերները` ամփոփելով հայկական ճարտարապետական կառուցողական տարր հանդիսացող կամարը, ՙՄիավորված հայեր կուսակցություն՚ անվանումը ամբողջությամբ և ՙՀայե°ր, միացեք՚ կարգախոսը (տես` հավելված 1):

16. ՄՀԿ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 16.1. Կուսակցության վերակազմակերպումը կարող է կատարվել կուսակցության համագումարի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Կուսակցությունը կարող է վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել, առանձնանալ) միայն այլ կուսակցության (կուսակցությունների):
16.2. Կուսակցության վերակազմակերպման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ կուսակցության քաղաքական խորհուրդը կամ կուսակցության համագումարի պատվիրակների առնվազն 1/3-ը` գրավոր առաջարկով:
16.3.Կուսակցության վերակազմակերպման մասին որոշումն ընդունվում է կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
16.4.Համագումարի կողմից կուսակցության վերակազմակերպման մասին որոշում ընդունելու դեպքում ստեղծվում է ժամանակավոր հանձնաժողով, որն իրականացնում է կուսակցության վերակազմակերպման հետ կապված և համագումարի որոշմամբ նախատեսված աշխատանքները:
16.5 ՄՀԿ գործունեությունը դադարեցվում է ՄՀԿ համագումարի որոշմամբ, պատվիրակների ձայների մեծամասնությամբ՝   2002 թ. օգոստոսի 15-ի N 34(209) օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Կուսակցության լուծարման մասին որոշում ընդունելուց հետո ստեղծվում է լուծարային հանձնաժողով, որը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, տնօրինում է կուսակցության գույքն ու ֆինանսական միջոցները` համաձայն համագումարի որոշման:
16.6. ՄՀԿ ենթակա է լուծարման, օրենքով սահմանված կարգով և դեպքերում:  
16.7. ՄՀԿ ենթակա է լուծարման Սահմանադրական դատարանի որոշմամբ` կուսակցության գործունեության արգելման դեպքում:

17. ՄՀԿ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

17.1. ՄՀԿ իրավաբանական հասցեն է` 0009 Երևան, Կորյունի 14շ, 3-րդ հարկ: 
17.2. ՄՀԿ գործունեության հասցեն է` 0019, Երևան, Սոսեի 13, 3-րդ հարկ, հեռախոս` 27-97-54, (091) 40-76-02, (099) 62-81-43:
17.3. Պաշտոնական կայք-էջեր` 
      e-mail: miavorvac-hayer@mail.ru