Ռուբեն Ավագյան » Կենսագրություն

 


    Ռուբեն Հովսեփի Ավագյանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 13-ին Կրասնոդարի երկրամասում` Կարինի նահանգի Դերջան գավառի Մանց բնակավայրի կոտորածներից որբացած և Ռուսաստանում հայտնված Հովսեփի ու Նազելիի բազմազավակ ընտանիքում:

  Գերազանցությամբ ավարտելով Կամիշինի ռազմական հրամանատարա-տեխնիկական ուսումնարանը, Տաշքենդի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը, Մոսկվայի Ձերժինսկու անվան ռազմական ակադեմիայի միամյա բարձրագույն դասընթացները, 1965-1972 թվականներին ծառայության է գործուղվել Բայկոնուրի` ռազմա-ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող միութենական կենտրոնը: 

  1981 թվականին Մոսկվայում պաշտպանել է գիտական ատենախոսություն` ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 Այնուհետև գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Ակադեմիան և 1991-ին Մոսկվայում պաշտպանել գիտական ատենախոսություն` ստանալով ԽՍՀՄ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

  2003 թվականից հանդիսանում է Ազգային անվտանգության խնդիրների համահայկական ակադեմիայի  և МАНЭБ-ի ակադեմիկոս:

  1973-2000թթ. ծառայել է իրավապահ մարմիններում, բացառությամբ 1993-1995թթ., երբ ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության համակարգում: Այստեղ նրան հանձնարարվել է ստեղծել Պաշտպանության նախարարության պայմանագրա-իրավական և արտաքին հարաբերությունների վարչությունը, ապա նաև Ազգային անվտանգության նախարարության Պայմանագրա-իրավական վարչությունը: Այդ աշխատատար գործին զուգահեռ Ռուբեն Ավագյանը ուժ ու եռանդ չի խնայել աջակցելու Հայոց ազգային բանակի իրավական հարաբերությունների կայացմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարին:

   Հայրենիքին մատուցած հատուկ ծառայությունների համար 2000 թվականի փետրվարի 19-ին Ռուբեն Ավագյանը պարգևատրվել է անվանական մարտական զենքով:

  Նա ՀՀ Ազգային անվտանգության նախարարության պայմանագրա-իրավական վարչության պետի պաշտոնից զորացրվել է գնդապետի զինվորական կոչումով:

  Հեղինակ է 143 գիտական և գիտահանրամատչելի աշխատանքների, որոնց թվում են "Наркомания и методы борьбы с нею" (1989-1990 թթ.), "Памятники Армянского права" (2000 թ.), երկհատոր "Հայ իրավական մտքի գանձարան" (2001-2002թթ.), "Գրիգոր Զոհրապի և Գրիգոր Չուբարյանի իրավական միտքը" (2003թ.), "Истоки армянской правовой мысли" (2008թ.), "Истоки памятников армянского права" (2014թ.), "Памятники армянского права (I-XVI вв.) (2015թ.) և այլ աշխատանքները: Ներկայումս պատրաստում է հրատարակչության "Памятники Киликийской Армении (XI-XIV вв.)" հետազոտությունը:

   Պրոֆեսոր Ռուբեն Ավագյանը իր գիտական գործունեությունը շարունակում է հմտորեն համատեղել կազմակերպչա-տնտեսական, հասարակական-քաղաքական և գիտա-մանկավարժական գործունեության հետ:

   Նա 1997-2007 թթ. Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի պրոռեկտորն էր: 2002 թվականից Երևանի «Մանց» համալսարանի ռեկտորն է:

   2000 թ.-ից «Միավորված հայեր» կուսակցության անփոփոխ նախագահն է, որի գործունեության ընթացքում Ռուբեն Ավագյանը կուսակցության վարչության հետ միասին նախատեսել է Հայոց հավատքի, փառքի և միասնության, հայ ճարտարապետության գլուխգործոցի` Զվարթնոց տաճարի վերականգնման նախապատրաստական աշխատանքներն ըստ Թորոս Թորամանյանի նախագծի:

  2003 թվականին «Միավորված հայեր» կուսակցության կողմից նա առաջադրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, որի ընտրություններին և մասնակցել է 2003թ. փետրվարի 19-ին:

 2012 թվականի մայիսին "Միավորված հայեր" կուսակցության համամասնական ընտրացուցակով մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությանը:

  Հանդիսանում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության ՀԿ (ԱՕԿՍ-ի) "Հայաստան - Հունաստան" հասարակական միության նախագահ:

    "Զվարթնոց տաճարի վերականգնման հիմնադրամի" հիմնադիրն է և տնօրենը (www.zvartnots.mhk.am) (e-mail: zvatnots.himnadram@mail.ru):

    2013 թվականին ընտրվել է "Կովկասի իրավաբանների ասոցիացիայի" փոխնախագահ:

     Ամուսնացած է, ունի երկու զավակ` որդի և դուստր, չորս թոռնիկ: