Նորություններ և իրադարձություններ » Մխիթար Գոշի արձանի բացումը

Սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզի Գոշ գյուղում տեղի ունեցավ միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանի հանդիսավոր բացումը: Արարողությանը ներկա էին  պետական այրեր, մարզի հոգևոր դասը, բազմաթիվ հյուրեր: Նշանավոր Գոշավանքի բակում Մխիթար Գոշի արձանի տեղադրման նախաձեռնությունը  գյուղի զավակ, այժմ ռուսաստանաբնակ ճանաչված գործարար ու բարերար Անտոն Մեհրաբյանինն է: Արձանը հեղինակել է  քանդակագործ Գևորգ Գևորգյանը: Անդրու բացման պատիվը վերապահվել էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, Տ. Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանին և բարերար Անտոն Մեհրաբյանին: Գոշեցիներին շնորհավորեցին Տավուշի մարզպետը, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների վարչության պետ, Անդրանիկ Արշակյանը, Երևանի “Մանց” համալսարանի ռեկտոր, “Միավորված հայեր” կուսակցության քաղխորհրդի նախագահ, “Զվարթնոց տաճարի վերականգնման հիմնադրամի” տնօրեն Ռուբեն Ավագյանը և այլք: Սրտի խոսք ասաց նաև Անտոն Մեհրաբյանը, ու քանի որ օրը համընկել էր նրա ծննդյան 50-ամյա հոբելյանի հետ, բարերարին ուղղված շնորհավորանքները կրկնակի էին:  ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը Անտոն Մեհրաբյանին  հանձնեց նախարարության  “Պողոս Նուբար” մեդալը: 

Ռուբեն Ավագյանը բարերար Անտոն Մեհրաբյանին շնորհավորեց հոբելյանի կապակցությամբ, հանձնեց նրան իր հեղինակած  4 գրքերը` “Հայ իրավական մտքի գանձարանը”: Նա միաժամանակ ողջունեց Գոշ համայնքի բնակիչներին հուշարձանի բացման կապակցությամբ, ներկայացրեց Մխիթար Գոշի կյանքի, գիտաիրավականև հասարակական-քաղաքական գործունեությունը և ընդգծեց նրա ներդրումը հայ իրավական մտքի զարգացման գործում (ելույթը կցվում է`  հավելված ): 

Համայնքի ղեկավար Գևորգ Ամիրխանյանն ամբողջ համայնքի անունից իր երախտագիտությունը հայտնեց բարերարին անգնահատելի նվերի համար: Համայնքի ղեկավարը Անտոն Մեհրաբյանին հանձնեց Գոշ համայնքի պատվավոր անդամի վկայագիրը և հայտարարեց, որ այսուհետ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 13-ը կնշվի որպես Գոշ գյուղի օր: Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց գեղարվեստական մասը՝ երգ, պար, ասմունք, գյուղի դպրոցի երեխաները ներկայացրին Գոշի առակներից: Տոնական տրամադրությունը շարունակվեց մինչև ուշ երեկո: Իսկ գեղեցիկ ու հիշարժան օրվա վերջին ակորդը շքեղ հրավառությունն էր:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 

«Միջնադարյան Հայաստանի քաղաքական-իրավական միտքն իր ծաղկմանը հասավ օրենսդիր և իրավագետ, եկեղեցական և հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ և առակագիր, անկախ Հայաստանի ջատագով, խոշոր մտածող, գիտնական և կուսակրոն Մխիթար Գոշի աշխատություններում:

Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում հավանորեն 1130թ. (գիտնականների կողմից միասնական կարծիք չի ձևավորվել նրա ծննդյան տարեթվի մասին): Նախնական կրթությունը ստացել է հայրենիքում, ձեռնադրվել կուսակրոն, ապա և ստացել վարդապետի աստիճան: Աշակերտել է նաև Կիլիկիայի նշանավոր այլ գիտնականների: Գոշի կյանքի այդ ժամանակաշրջանի մասին Կիրակոս Գանձակեցին իր “Պատմություն հայոց” աշխատության մեջ գրում է, որ ապրելով Տավուշեցի անվանյալ վարդապետի Հովհաննեսի, և ուրիշ մի քանիսի մոտ, Մխիթարն ստացավ վարդապետի աստիճան: Բայց նա դրանով չբավարարվեց, ուղևորվեց Սև լեռ կոչվող երկրամաս, վարդապետների մոտ, որտեղ նրանք ուսւոցանում էին: Եվ, թաքցնելով, որ ինքն էլ է արժանացել նույն աստիճանին, շատ բան սովորեց նրանցից, իսկ հետո մեկնեց Կարին քաղաք...

Վերադառնալով հայրենիք, Գոշը նախ ապրել է Գանձակում, հետո տեղափոխվել Խաչեն (Արցախ), իսկ այնտեղից` Գետիկ վանք: Ամիրսպասալար Զաքարեի (Երկայնաբազուկի) և Իվանե Զաքարյանի հովանավորությամբ և օգնությամբ Գետիկից ոչ հեռու, Տանձուտա ձորում կառուցել է Նոր Գետիկ վանքը և հիմնվել այնտեղ: 

Մխիթար Գոշը ամենախոշորն էր XII դարի երկրորդ կեսի և XIII դարի սկզբի մեզ հայտնի բոլոր իրավագետներից ոչ միայն Հայաստանում:

Մխիթար Գոշի գրչին է պատկանում շուրջ մեկ տասնյակ աշխատություն:

Բացառիկ արժեք է ներկայացնում Մխիթար Գոշի “Դատաստանագիրքը”: Այն հայ միջնադարյան իրավունքի գլուխգործոցն է և, որպես միջնադարյան իրավունքի նշանավոր գործ, առաջնակարգ տեղ է գրավում աշխարհի ճանաչված օրենսդրական հուշարձանների շարքում: 

Ձեռնարկելով “Գիրք դատաստանի”-ի կազմումը, Գոշը ժամանակի լույսի տակ երկար տարիների ընթացքում կատարելագործում էր այն: Նա հավատում էր, որ “Դատաստանագիրքը” իրենից  հետո մշտապես կհամալրվի իմաստուն մարդկանց կողմից քննվող նորագույն դատական գործերով:

Գոշի “Դատաստանագիրքը” կազմված է “Նախադրությունից” (նախաբան), եկեղեցական կանոններից և աշխարհական-քաղաքացիական օրենքներից: Գրված է Գրաբարախառն խոսակցական լեզվով:

“Դատաստանագրքի” նախաբանում Մխիթար Գոշը թվարկում է այն պատճառները, որոնք դրդել են իրեն գրել այդ աշխատությունը, որոնցից հիմնականներն են` եկեղեցու վարկի և հեղինակության բարձրացում, հոգևորականության պաշտպանություն մուսւոլմաններից...., ինչպես նաև հիմնական շարժառիթը` Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի համառ խնդրանքը: Հեղինակի իրական նպատակը, մեր կարծիքով, հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունն արթնացնելու ձգտումն էր:

 “Դատաստանագրքի” առաջին մասը վերաբերում է եկեղեցական դատարանին ենթական հարաբերությոնների կարգավորմանը, իսկ երկրորդ մասն ընդգրկում է պետական, քրեական և քաղաքացիական իրավունքի նորմեր: Միջնադարում մենք չենք ունեցել “Դատաստանագրքին” համազոր հուշարձան, որն այդպես բազմակողմանիորեն կարգավորեր այն ժամանակվա Հայաստանի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, կազմակերպա-իրավական հարաբերությունները:

Գոշը գրում է սովորութային իրավունքի մասին, որը մարդուն համարում է իրավահարաբերությունների սուբյեկտ: Համաձայն հեղինակի տեսության, սովորութային իրավունքը անխ և առաջ ենթադրում է մարդու ազատություն: Ըստ Գոշի, կանոնական և քաղաքացիական օրենքները գոյանում են սովորութային և աստվածային կանոնների հենքի վրա: Սովորութային և աստվածային օրենքները մարդու կամքից անկախ են և մնում են անփոփոխ, այն դեպքում, երբ կանոնական և քաղաքացիական օրենքները փոխվում են` կապված հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունների հետ:

Լինելով կառավարման միապետական ձևի կողմանկից, Մխիթար Գոշն առաջին անգամ հայ իրավագիտության պատմության մեջ սահմանում է “Ինքնիշխանություն” հասկացությունը և առանձնացնում դրա երկու հիմնական հատկանիշները` պետական իշխանության լրիվ ինքնուրույնությունը` պետության ներսում և անկախությունը` արտաքին հարաբերություններում:

Ընդունելով հայ թագավորի միապետական իրավունքները` Գոշը, այնուհանդերձ, նրա իշխանությունը սահմանափակում է օրենքով, որին պետք է ենթարկվեն բոլորը:

Մխիթար Գոշը միաժամանակ հավատում էր իր ժողովրդի ապագային և Հայաստանի քաղաքական ինքնուրույնությանը: Այդ պատճառով էլ նա գրում է. “Իմ այս օրենքների ընթերցանությամբ զբաղվող մարդիկ [արքայական դատաստանի] կծաղրեն դրանք` ինձ նմանեցնելով մի մարդու, որը երազում արքայություն և ուրիշշատ հաճելի բաներ է տեսնում... Բայց թող նրանք իմանան, որ մենք չենք մոռանում, թե ինչ անցողիկ, փոփոխական բան է ամեն մի երկրային արքայություն, առավել ևս մեր արքայությունը, չէ որ երբեմնին չկա այլևս մեր մեջ, իսկ տեսնել ապագայում մեզ վիճակված չէ: Սակայն լրացնենք այն մեր նվիրական ցանկությամբ...” :

Դրա հետ մեկտեղ Գոշն իր իրավական նորմերով ձգտում էր սահմանափակել ճորտատերերի անօրինական գործողություններ, օրենքի օգնությամբ կարգավորել փոխհարաբերությունները հասարակության մեջ:

Ընդհանուր առմամբ, լինելով առաջադեմ մտածող և հումանիստ, Մխիթար Գոշը մեղմացնում է Մովսեսի սահմանած դաժան օրենքները:

Մխիթար Գոշը մեծ նշանակություն է տալիս քաղաքացիական և հոգևոր իշխանություններին: Այնպես, նա կտրականապես դեմ է քաղաքացիական իշխանությունների միջամտությանը եկեղեցու գործերին, չնայած եկեղեցին իրավունք ունի մասնակցելու քաղաքացիական հարցերի քննարկմանը:

Ամուսնական և ընտանեկան իրավական հարաբերությունները Գոշը նույնպես կարգավորում է ազգային լավագույն ավանդույթների և առաջադեմ գաղափարների դիրքերից, գրում, որ ամուսնությունը պետք է տեղի ունենա երկկողմ կամավոր համաձայնությամբ: Ըստ որում, հակասակ Մովսեսի օրենքի, որը չի մերժում մոտիկ հարազատների ամուսնությունը, Գոշը իր “Դատաստանագրքում” գրում է. ”Նախկինում մարդիկ ամուսնանում էին նույնիսկ քրոջ հետ, բայց Մովսեսի Օրենքների երևան գալով մերժվեց նման ամուսնությունը: Բայց այն չմերժեց ամուսնությունը հորաքրոջ աղջկա հետ, կամ էլ մորաքրոջ, կամ էլ մորեղբոր. իսկ իմ կանոնն ասում է. “Թող ոչ մեկը չամուսնանա մինչև հարազատության չորրորդ և հինգերորդ աստիճան”:

Կարծում ենք, որ այսօր էլ ենք շարունակում առաջնորդվել մեր հեռավոր նախնիների համար Մխիթար Գոշի սահմանած ընտանեկան իրավունքով և ամուսնական իրավական նորմերով:

Մխիթար Գոշի գրչին է պատկանում քրեական իրավունքի մասին ուսմունքը, որն ամենից առաջ աչքի է զարնում իր մարդասիրությամբ: Ընդ որում` քրեական պատժի հիմքում ընկած է երկու հիմնական սկզբունք. մեղավորությունը և անմիջական պատասխանատվությունը:

Դատաստանագրքի նպատակը, ըստ Գոշի, ոչ այնքան ֆիզիկական պատժի իրագործումն է, որքան վերադաստիարակումը: “Դատաստանագրքում” Գոշը խոսում է անկաշառուըթյան և ուրիշ հատկանիշների մասին, որոնք պետք է ունենան դատավորները:

Լուսաբանելով Մխիթար Գոշի “Դատաստանագրքի” գործնական կիրառության հարցը, անհրաժեշտ է առանձնապես նշել, որ թեև, դրա կազմումը չի հրահանգվել օրենսդիր իշխանության կամ օրենսդիր իշխանությամբ օժտված ֆիզիկական անձի կողմից. այնուամենայնիվ դա չի խանգարել դրա համազգային ճանաչմանը: “Դատաստանագրքի”` մեզ հասած բազմաթիվ ձեռագրերը, այդ թվում և Վրաստանում, Լեհաստանում, Ղրիմում, Մոլդովայում, Ռուսաստանում և այլուր, ընդօրինակումները, ցույց են տալիս, որ այն լայնորեն կիրառվում էր կյանքում:

Հարկ է նշել, որ հայրենիքում չունենալով ամուր քաղաքական հենք, հայ իրավունքը յուրահատուկ զարգացում ապրեց Հայաստանից դուրս` հայկական գաղթավայրերում: Այսպես. Լեհաստանի հայերը Մխիթար Գոշի “Դատաստանագիրքը” համապատասխան կրճատումներով և փոփոխություններով թարգմանեցին լատիներեն, այնուհետև լեհերեն և տևականորեն կիրառեցին Լվովի հայկական համայնքի դատարաններում:

Գոշի “Դատաստանագիրքը” լայնորեն օգտագործվել է նաև Կամենեցի հայկական գաղութում:

Ստույգ հայտնի է, որ Գոշի “Դատաստանագիրքը” XVII դ. կիրառվել է նաև Վրաստանում: Ձեռնամուխ լինելով Վրաստանի համար դատաստանագիրք կազմելուն , Վախթանգ VI (1703-1724թթ.) թագավորը խնդրանքով դիմել է Հայոց կաթողիկոսին`ուղարկել հայկական օրենքների ժողովածուն: Վրացական օրենքների ժողովածուի մեջ առանձին գլխով ներմուծվել են նաև հայկական օրենքները: Հետագայում պարզվել է, որ դրանք Մխիթար Գոշի “Դատաստանագրքից” կատարված թարգմանություններ են:

Գոշի “Դատաստանագիրքը” կիրառվել է նաև Ռուսատանում: Մասնավորապես, զուգահեռներ անցկացնելով “Աստրախանի հայերի դատաստանագրքի” և Մխիթար Գոշի “Դատաստանագրքի” միջև, “Աստրախանի հայերի դատաստանագիրքը” կազմողը գրում է. “Դատաստանագրքի համար հիմանական սկզբնաղբյուր է ծառայել հին հայկական սովորութային և եկեղեցական իրավունքը, ինչպես նաև Մխիթար Գոշի “Դատաստանագիրքը” ”:

Գոշի աշխատության պատմական մեծ նշանակությունը այն է, որ այն գաղափարական և իրավական հող նախապատրաստեց հայկական պետականության վերականգնման համար: Նշենք, որ աշխատելով “Դատաստանագրքի” վրա, Մխիթար Գոշը նկատի ուներ ոչ միայն հյուսիսային շրջանները, այլև պատմական Հայաստանի ողջ տարածքը:

Գոշի գրական ժառանգության մեջ բացի Դատաստանագրքից կան նաև առակներ, մեկնություններ, աղոթքներ, թղթեր: Եթե Մխիթար Գոշը “Դատաստանագրքում” փորձում էր օրենսդրության միջոցով լուծել հասարակականկյանքում ծագած խնդիրները, ապա առակներում նույն նպատակին նա հասնում է խրատ-ուսուցման ճանապարհով: Մխիթար գոշը վախճանվել է 1213թ., առաջացած տարիքում, Նոր Գետիկ վանքում: Ինչպես նշում է Կիրակոս Գանձակեցին իր “Պատմություն հայոց” գրքում, մահվանից առաջ Մխիթար Գոշը Նոր Գետիկ վանքը և նրա ունեցվածքը կտակել է մեծ հազարապետ Իվանե և նրա եղբայր Զաքարե Զաքարյաններին »:

 

13.09.2013թ.