«Միավորված հայեր» կուսակցությունն այսօր ներկայանում է որպես երրորդ քաղաքական ուժ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միավորված հայեր» կուսակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ քաղաքական այրերը գալով իշխանության՝ ծառայում են իրենց կուսակցությանն ու իրենց շահին, եւ ժողովրդի համար մտածող չկա:
«Բոլոր քաղաքական այրերին դուք լավ եք ճանաչում, ովքեր եկել են եւ ինչ են արել, հիմա մենք պետք է ծառայենք մեր ժողովրդին: Մենք գալով խորհրդարան՝ մի շարք օրենքներ ենք ընդունելու, որ նպաստենք երկրի բարելավմանը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: Իսկ թե ինչու պետք է ժողովուրդը իր քվեն տա հենց իրենց, ապա, նրա խոսքով, «եթե ժողովուրդը ցանկանում է փոխել ստեղծված իրավիճակը, ապա նրանք կքվեարկեն մեր օգտին, եթե չեն ցանկանում բարեփոխումներ տեսնել, ապա մենք դեռ վաղ ենք մտել քաղաքական դաշտ»։
Հարցին, թե ինչ ակնկալիք ունի «Միավորված հայեր» կուսակցությունը, դրա անդամները ձեռնպահ են մնում որեւէ թիվ նշել՝ պատճառաբանելով, որ որոշակի տոկոսներ նշում են այն ուժերը, որոնք արդեն իսկ ցանկանում են հաղթել ժողովրդին: «Ժողովուրդը վաղ թե ուշ թոթափելու է իր վրա դրված օլիգարխների լուծը, եւ հաղթելու է։ Ժողովուրդը կցանկանա, մենք կգանք իշխանության եւ կաշխատենք, չի ցանկանա՝ չենք գա իշխանության»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Ի դեպ, այս կուսակցության ֆինանսավորումը, ըստ Հովհաննիսյանի, գոյացել է միայն կուսակցության 5000 անդամների վճարած անդամավճարների արդյունքում, եւ իրենց կուսակցություն ֆինանսավորող այլ աղբյուր չկա:
Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 6-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում են ինը կուեւսակցություններ, այդ թվում՝ «Միավորված հայերը»: Ի դեպ, յուրաքանչյուր կուսակցություն պարտավոր է 8 միլիոն դրամ վճարել ընտրագրավի համար: