Հարգելի հասարակական և քաղաքական կազմակերպությունների պատվիրակներ, հարգարժան հյուրեր
Թույլ տվեք «Միավորված հայեր» կուսակցության մոտ չորս հազար անդամների անունից ողջունել «Հայկական վերածնունդ» միավորման անդրանիկ համագումարը, և այդ կապակցությամբ լավագույն ցանկություններով և անկեղծ բարեմաղթանքներով շնորհավորել բոլորիս: Միաժամանակ ցանկանում եմ սրտանց ողջունել այս աննախադեպ երևույթի նախաձեռնողին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Բաղդասարյանին:
«Միավորված հայեր» կուսակցությունը՝ 2000 թվականից հռչակված է որպես ազգային-հայրենասիրական, կենտրոնաձիգ, հզոր և կայուն պետականության կողմնակից պետականամետ երրորդ ուժ, որի ակունքներում կանգնած էին ճանաչված այնպիսի գիտնականներ, քաղաքական գործիչներ, ականավոր մասնագետներ, մտավորականներ, ինչպիսիք էին՝ Ղուկաս Չուբարյանը, Վիլեն Չալաբովը, Տիրան Մարությանը, Արթուր Թարխանյանը, Կառլոս Ավետիսյանը, Մարտունի Ծատուրյանը, Մեսրոպ Խանբաբյանը, և այսօր ներկա են Խաչիկ Նահապետյանը, Անդրանիկ Ոսկանյանը, Գուրգեն Հովսեփյանը, Էդվարդ Բաղդասարյանը, Հրաչիկ Հակոբջանյանը և այլոք:
Կուսակցությունը տարիների ընթացքում իր հնարավորությունների սահմաններում մասնակցել է քաղաքական բոլոր կարևոր իրադարձություններին: Մասնավորապես, 2001 թվականին նախաձեռնել է հայոց հավատքի, փառքի և միասնության Զվարթնոց տաճարի վերականգնումը: 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կուսակցությունն ունեցել է իր թեկնածուն, դատապարտել է մարտի 1-ը, իր վճռական անհամաձայնությունն է հայտնել հայ-թուրքական արձանագրությունների նախապայմանների նկատմամբ:
2012 թվականին կուսակցությունը իր թեկնածուներով համամասնական ընտրակարգով մասնակցել է նաև Ազգային Ժողովի ընտություններին:
2015 թվականի դեկտեմբերի 6-ի Սահմանադրության, այսպես կոչված, բարեփոխումների հանրաքվեի ժամանակ կուսակցությունը «ոչի» կողմնակից էր: Ցավոք, ընտրության ժամանակ ադմինիստրատիվ ուժի ներքո կրկին կյանքի կոչվեցին փողի և վախի մթնոլորտը:
Հարգելի գործընկերնե՛ր. քաղաքականության հիմքը նպատակն է:
«Միավորված հայեր» կուսակցությունը 17 տարի հավատարիմ է մնացել իր նպատակին, գաղափարախոսությանը և սկզբունքներին: Իր 10 000 տպաքանակ ունեցող «Միավորված հայեր» շաբաթաթերթով, կայքերով, ասուլիսներով, հեռուստատեսության և այլ լրատվական միջոցներով բազմիցս հնչեցրել ենք կուսակցության Ծրագրի հիմնական դրույթները: Փորձում էինք միավորել հասարակությունը ճշմարիտ սոցիալ-իրավական պետություն ստեղծելու գաղափարի շուրջ, բայց ժամանակը ցույց տվեց, որ մեկ կուսակցության ուժերով այդ նպատակին հասնել հնարավոր չէր:
Այսօր բոլորիս համար ակնհայտ է, որ մեր երկրում՝ վերևում տիրում է իշխանության խավարը, իսկ ներքևում՝ խավարի իշխանությունը: Երկրին անհրաժեշտ է մի նոր ուժ, որը վեր կլինի անձնական շահերից և քաղաքական խաղերից: Համոզված ենք, որ այդպիսի ուժ կդառնա հենց ազգի շահերին ծառայող «Հայկական վերածնունդ» միավորումը, որի տիրակալը կլինի հայ ազգի Իրավունքը, և որը կվերադարձնի իշխանությունը ժողովրդին և կվերականգնի նրա հավատը ապագայի հանդեպ:
Մենք համոզված ենք, որ միավորվելով «Հայկական վերածնունդի» շարքերում, ուժի օրենքը, փողի և վախի մթնոլորտը Հայաստանում իր տեղը կզիջեն իրավունքի գերակայությանը՝ պայմաններ ստեղծելով ճշմարիտ սոցիալ-իրավական պետություն համար: «Միավորված հայեր» կուսակցությունը, այլ կազմակերպությունների հետ կյանքի է կոչելու նաև իր գաղափարախոսությունը, նպատակը և խնդիրները:
Մեր որոշումը հիմնավորված է, և մենք համոզված ենք, որ գալիք Ազգային Ժողովի ընտրություններին հայ ժողովրդի առաջադեմ ուժերը կկանգնեն «Հայկական վերածնունդի» կողքին:
Հարգելի պատվիրակներ և հարգարժան հյուրեր,
Պարտք եմ համարում հիշեցնել իշխող այրերին, որ լավ իշխանությունը, այն չէ, որն ուզում է բարելավել երկրի վիճակը, այլ՝ այն, որը և՛ գիտի, և՛ կարող է հասնել դրան: Անկեղծ ասած, գործող իշխանությունը հասել է, բայց՝ ոչ դրան:
Բոլորս գիտակցում ենք, որ Հայաստանը իսկապես բարեփոխումների կարիք ունի, բայց ոչ այն բարեփոխումների, որ կատարվեցին գործող Սահմանադրությունում: Ըստ մեր Սահմանադրության փոփոխությունների՝ պատերազմի շեմին կանգնած երկրի համար պետք է ընտրվի սահմանափակ լիազորություններով նախագահ, իսկ ընտրության իրավունքը տրված է Ազգային ժողովին, որն այսօր ո՛չ ազգային է, ո՛չ էլ ժողով:
Ինչպիսին կլինի մեր ապագա Ազգային ժողովը, որի պատգամավորները նախագահ կընտրեն վերջնականապես 50+1 տոկոս ձայնով, եթե չստեղծվի «Հայկական վերածնունդ» միավորումը, այսօր բոլորիս համար ակնհայտ է:
Առանց ճշմարիտ անցյալի, չկա ապագա: Մեջբերեմ մի պատմական դրվագ: Ուղիղ 3600 տարի առաջ մեր նախնիների Խեթական կայսրությունն այսօրվա Հայաստանի նման կանգնած էր պատերազմի շեմին. չէր գործում արդարադատությունը,երկրի ցեղերը կորցրել էին վստահությունը կայսերական իշխանության նկատմամբ, ուստի արքա Տելեպինուսը իրականացրեց իսկական Սահմանադրական բարեփոխումներ: Օրենքի մի քանի հոդվածներով նա մի կողմից՝ կանոնակարգեց, հստակեցրեց և ուժեղացրեց արքայի իրավասությունները, մյուս կողմից՝ վերականգնեց ցեղապետերի խորհրդի գործունեությունը, նրան տվեց արքայի ընտրության և երկրի ավագանու ու նրանց տոհմակիցների նկատմամբ խիստ հսկողության իրավունք: Մասնավորապես, նա օրենքի ուժով պարտավորեցրեց՝ §Այսուհետ ով որ երկրում չարիք գործի՝ ցեղապետերի խորհրդի առաջ պատասխան կտա գլխով: Ոչ ոք անպատիժ չպետք է մնա՝ լինի դա կայսրը կամ նրա տոհմից որևէ մեկը, պալատի գլխավորը կամ ավագներից մեկը, գլխավոր գինագործը, դաշտային հազարապետերը կամ որևէ մեկը…¦: Այդ սահմանադրության բարեփոխումների շնորհիվ Խեթական կայսրությունը դարձավ հզոր պետություն:
Կցանկանայի, որ այսօրվա «տելեպինուսները» մեր անցյալը ականջին օղ անեն: Միաժամանակ ցանկալի կլիներ, որ իշխող օլիգարխ-պլուտոկրատները ավելի հաճախ օգտվեն ոչ թե լեզվից այլ սեփական ականջներից, և լսեն, թե ինչ է խոսում հայ ժողովուրդը իրենց մասին:
Ախր ինչպես չեն հասկանում մեր իշխող այրերը, որ գալիս են նոր ժամանակներ, որ իրենց գնացքը վաղուց գնացել է: «Հայկական վերածնունդն» է գալիս:
Ապագա Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ մենք ազգովի իշխանության երեք թևերը պետք է ազատենք օլիգարխ-պլուտոկրատներից, որովհետև նրանց կապիտալն է այսօր իշխում Հայաստանում, իսկ բոլորի համար ակնհայտ է, որ այդ կուտակված կապիտալը ազգություն չի ճանաչում: Եվ արդյունքում այսօր հայ ժողովուրդն ընտրել է Սիբիրի, Ալթայի և այլ տարածքների ու երկրների ճանապարհը: Համոզված եմ, որ 2017 թվականին այդ ճանապարհը կբռնեն նրանք, ովքեր ստեղծել են Հայաստանում նման իրավիճակ:
Մեզ համար պարզ է, որ որքան շատ օլիգարխ լինի Ազգային Ժողովում և իշխանության այլ թևերում, այնքան քիչ բնակչություն կմնա Հայաստանում:
Հարգելի գործընկերներ, հավանություն ենք տալիս «Հայկական վերածնունդ» միավորման Կանոնադրությանն ու Ծրագրին, համոզված լինելով, որ նորաստեղծ կուսակցությունը կյանքի կկոչի դրա հիմնական դրույթները: Սրտանց ցանկանում եմ, որ 2017 թվականը բոլորիս համար դառնա արմատական բեկման տարի, որպեսզի ամրապնդվի մեր սերը դեպի հայրենիքը, ընտանիքը, վերականգնվի մեր հավատը ապագայի և միմյանց հանդեպ: Թող «Հայկական վերածնունդ» միավորման ստեղծումը առաջին քայլը դառնա դեպի խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն և ժողովրդական միասնություն:
Շնորհակալություն և հաջողություն մեզ բոլորիս:
21.02.2016 թ.
ք. Երևան