Новости и события » «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման հայտարարությունը

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, հազարավոր փոքր ու միջին ձեռնարկությունների փակմամբ և աշխատատեղերի կրճատմամբ ուղեկցվող տնտեսական անկումը, հասարակության հիմնական մասի օրեցօր ծանրացող սոցիալական վիճակը, երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող, օրեցօր ահագնացող արտագաղթի տեմպերը, հասարակության լայն շերտերի մոտ առկա հուսահատությունն ու հուսալքությունը, ինչպես նաև վաղվա օրվա նկատմամբ հույսի ու հավատի բացակայությունը, Նկատի ունենալով, որ երկրում առկա, ժողովրդին հուզող սոցիալ տնտեսական բազմաթիվ հիմնախնդիրները պահանջում են արդյունքին միտված, ժամանակակից միջազգային փորձով ամրապնդված մրցունակ քաղաքականության և զարգացմանն ուղղված հավակնոտ ու հիմնավորված համապարփակ ծրագրի կենսագործման անհրաժեշտությունը, Կարևորելով միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմի և օրակարգի ստեղծումը, ինչպես նաև համագործակցության հաստատումը հանրության լայն շերտերի` ներառյալ արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների, մտավորականների և անհատ քաղաքացիների միջև, Նպատակ հետապնդելով հավաքական պատասխանատվությամբ վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի վերածննդի, երկրի կայունության և անվտանգության ապահովման, պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում համարձակ ու ժողովրդանպաստ բարեփոխումների խորացման, պետության տնտեսական առաջընթաց զարգացման և ժողովրդավարության խորացման համար, միավորումը վճռական է իրականացնել համարձակ բարեփոխումներին ուղղված քայլեր Հայաստանի առաջընթաց զարգացմանն ու հասարակության բարեկեցության բարձրացման համար՝ կարևորելով երկրի խնդիրներով մտահոգ առավել շատ քաղաքական ուժերի և հասարակական ակտիվ շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ մասնակցությունը միավորման հավաքական նպատակների իրականացման համար: Նախաձեռնության անդամները վստահ և լիահույս են, որ համատեղ ուժերով հնարավոր է նախաձեռնողական և նորարարական մոտեցումներով արագ և արդյունավետ լուծել երկրում առկա կուտակված խնդիրները, միասնական ծրագրի մշակման և իրականացման միջոցով իրականացնել համարձակ և իրատեսական բարեփոխումներ, նպատակ հետապնդելով երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից, կատարելագործել մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության զարգացման մեխանիզմները, էականորեն բարելավել քաղաքացիների կյանքի որակը՝ ամուր հենք ստեղծելով Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար:

06.06.2015 թ.