«Միավորված հայեր» կուսակցությունն այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով, որտեղ ասուլիսին մասնակցող կուսակցության անդամները ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը, քաղաքական դաշտում առաջիկա անելիքները և ծրագրային լուծումները, ինչպես նաև պատասխանեցին լրագրողների հարցերին:
Կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը մասնավորապես իր խոսքում նշեց,- «Մենք համարում ենք երրորդ ուժն ազգի ապագան: Պետականամետ ուժը ծառայում է ազգի շահերին, իսկ պետականամետի տիրակալը պետք է լինի օրենքը»,-հավելելով, որ, «որպես երրորդ ուժ` իրենք պատրաստ են համագործակցել և´ իշխանամետ, և´ ընդդիմադիր ուժերի հետ, եթե նրանք ընդունում են օրենքի իշխանությունը»: Նա նաև հիշեցրեց, որ իրենց նպատակն է` Հայաստանը դարձնել ճշմարիտ սոցիալ-իրավական, ժողովրդավարական պետություն, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առջև, որտեղ չի իշխի ուժի և փողի իրավունքը:
«Միավորված հայեր»-ն ընտրություններին մասնակցում է «Երրորդ ուժ, նոր ուժ, նոր դեմքեր» կարգախոսով` համամասնական ցուցակում ընդգրկելով 20% գիտնականներ, 70% իրավաբաններ, 10% տնտեսագետներ: «Կուսակցության ցուցակում 40%-ը կանայք են, 70%-ը երիտասարդներ, նրանք են այդ նոր դեմքերը», - նշեց Ավագյանը` ավելացնելով, որ իրենց ցուցակում օլիգարխներ չկան:
«Միավորված հայեր» կուսակցությունը կոչ է անում` «բոլորս դեպի ընտրատեղամասեր, որպեսզի մեր երկրում ուժի օրենքին փոխարինի օրենքի ուժը»: