Заявления » 6 Ապրիլ, 2012

 

Իրավաբաններով հարուստ «Միավորված հայեր»-ը ցանկանում է հասնել իրավունքի գերակայության

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միավորված հայեր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին գնում է Հայաստանը սոցիալ-իրավական-ժողովրդավարական երկիր դարձնելու ցանկությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը նշեց, որ իրենց ծրագրային երրորդ ուժի նպատակը եւ գաղափարախոսությունն անփոփոխ են: «Որպես պետականամետ երրորդ ուժ` մեր կուսակցությունն իր գաղափարախոսության հիմքում դրել է ազգի շահը: Մենք ընդունում ենք ազատականացված տնտեսության քաղաքականությունը»,-նշեց կուսակցության առաջնորդը: Նա նաեւ կարեւորեց իրավունքի գերակայությունը մեր երկրում:

 Վերջինս քաղաքական դաշտում գործող ուժերին խմբավորում է` ընդդիմադիրների, իշխանամետների եւ պետականամետների` երրորդ ուժի: Երրորդ ուժն Ավագյանը համարում է մեր ազգի ապագան: Հանդես գալով որպես երրորդ ուժ` կուսակցությունը պատրաստ է համագործակցել եւ իշխանամետ, եւ ընդդիմադիր ուժերի հետ:

 «Միավորված հայեր»-ն ընտրություններին մասնակցում է «Երրորդ ուժ, նոր ուժ, նոր դեմքեր» կարգախոսով եւ 20 տոկոս գիտնականներ, 70 տոկոս իրավաբաններ, 10 տոկոս տնտեսագետներ համամասնությամբ: Կուսակցության 40 տոկոսը կանայք են, երիտասարդ են կուսակցության անդամների 70 տոկոսը: Կուսակցությունը հանդես է գալու 500 դիտորդներով:

 «Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհուրդը մարտի 19-ին որոշում  է կայացրել  Ազգային ժողովի 2012 թ-ի մայիսի 6-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով թեկնածուներ  առաջադրելու մասին: Կուuակցության համամասնական ցուցակում ընդգրկվել են 29 թեկնածուներ: Ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Ռուբեն Ավագյանը: