Հարցազրույց «Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհրդի և վարչության նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Երևանի «Մանց» համալսարանի ռեկտոր
Ռուբեն Ավագյանի հետ
Հարց 1. Պարոն Ավագյան, որպես Երևանի «Մանց» համալսարանի ռեկտոր և մանկավարժ, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության որոշումը (N 1714-Ն 01.12.2011թ.), որը կանոնակարգում է 2012/2013 ուստարվա պետական և ոչ պետական բուհերի ընդունելության կենտրոնացված քննությունները:
Պատասխան. Գաղափարը գովելի է: Սրտանց ողջունում ենք, ցանկալի կլինի ոչ միայն դիմորդների, այլև բուհերի շրջանավարտների համար պետական (ավարտական) քննությունները նույնպես դարձնեն կենտրոնացված:
Ցավոք, Կառավարության որոշումը նշված գաղափարը գործող օրենսդրության խախտումներով է կյանքի  կոչում` ոտնահարելով չհավատարմագրված ոչ պետական բուհերի ուսանողների իրավունքները, որոնք բուհ են ընդունվում պետական հավատարմագրված բուհերի ուսանողների հետ հավասար պայմաններում, սակայն ավարտելիս ստանում են ոչ հավասարազոր ավարտական փաստաթղթեր` դիպլոմներ:
Հարց 2. Այսի՞նքն:
Պատասխան. Համաձայն գործող օրենսդրության, պետական և ոչ պետական բուհերի մասնագիտությունները ենթակա են պետական հավատարմագրման: Կառավարության վերը նշված որոշման ծանոթագրության մեջ, միայն ոչ պետական բուհերի ՙչհավատարմագրված՚ մասնագիտություններն են նշված, իսկ որպես ավարտական պետական փաստաթուղթ` դիպլոմ բարձրագույն կրթության մասին, ՀՀ ԿԳ նախարարությունը տալիս է միայն պետական բուհերի չհավատարմագրված մասնագիտությունների շրջանավարտներին:
Հարց 3. Դա գործող օրենսդրությանը չտիրապետելու արդյո՞ւնք է:
Պատասխան. Ամենևին ոչ, դա իշխանամետ և ոչ թե պետականամետ քաղաքականություն է, որ վարում է գործող իշխանությունը:
Հարց 4. Պարոն Ավագյան, որպես հզոր և կայուն պետականության կողմնակից, երրորդ ուժի ջատագով` խնդրում ենք պատասխանել մեր հետևյալ հարցին: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում գործող քաղաքական համակարգը:
Պատասխան. Իմ խորին համոզմամբ` այն չի համարվում տոտալիտար: Չնայած «դե յուրե» գործող օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների գործողություններին, «դե ֆակտո» այն ավտորիտար քաղաքական ռեժիմ է, որն իր արմատներով գնում է մինչև տեր-պետրոսյանական շրջանի կառավարման համակարգը:
Հանուն արդարության` պետք է նկատել, որ այն համեմատաբար մեղմ ավտորիտար ռեժիմ է, ինչպես, օրինակ, Վրաստանում` Շևարդնաձեի ժամանակ, որից վրաց ժողովուրդը կարողացավ ազատվել անարյուն վարդերի հեղափոխության միջոցով: Ի±նչ ճանապարհով կգնա Հայաստանը, ցույց կտան 2012 թվականի մայիսյան խորհրդարանական ընտրությունները:
Այո, խորհրդարանական ընտրություններով կորոշվի, թե ինչ Հայաստան ենք ունենալու` ժողովրդավարական, թե նույն օլիգարխա-պլուտոկրատական երկիր, որտեղ իրավունքի գերակայությունը և օրենքի գերիշխանությունը կգտնվեն մեծահարուստների կրունկի ներքո: Ցավոք, կասկած կա, որ կսկսվի արտագաղթի նոր ալիք:
Մի խոսքով, եթե տեղի ունենան իսկապես ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, ապա դրանք կդառնան լուրջ փորձություն իշխող ՀՀԿ-ի և նրա հետ համագործակցող կոալիցիայի այլ անդամների համար:

Հարց 5. Իսկ ինչպե՞ս եք Դուք բնութագրում ժամանակակից Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգերի հարաբերությունը:
Պատասխան. Բարդ հարց է իրավագետի համար: Բայց ես այդ հարցին կապատասխանեմ քաղաքական գործչի տեսանկյունից: Ըստ իս, ժամանակակից հայ տնտեսական մոդելը բխում է իրավաքաղաքական մոդելից, քանի որ մեր հասարակական հարաբերությունների զարգացման մեջ առաջնային են իրավաքաղաքական համակարգերը: Դրա ապացույցն են վերջին 20 տարվա մեր պրակտիկան և ինչու միայն մեր. մարդկության ողջ տնտեսական պատմությունը ընդհանուր առմամբ համոզում է մեզ, որ քաղաքական և իրավական համակարգը կանխորոշում  է  տնտեսական համակարգի բնույթը:
Կարելի է ունենալ շուկայական հարաբերություն և ոչ ժողովրդավարական երկրում: Պետք չէ հեռու գնալ, օրինակ` ժամանակակից Հայաստանում: Նկատեմ, որ շուկան ինքն իրեն ոչ մի դեպքում չի կանխորոշի հասարակության իրավաքաղաքական կառուցվածքը:
Մի խոսքով, մարդկության պատմական պրակտիկայում կար և կա զանազան քաղաքական և տնտեսական համակարգերի  միաժամանակյա գոյակցությունը ժողովրդավարության և շուկայի, ավտորիտարիզմի և վարչական բաշխման, ժողովրդավարության և վարչական բաշխման, ավտորիտարիզմի և ազատ շուկայի և այլն: Բայց անկախ քաղաքական համակարգից` այլ տնտեսական համակարգի անցնելուն ամենուր նախորդել են և կնախորդեն քաղաքական համակարգային փոփոխությունները:
 Իսկ  գոյություն ունեցող տեսությունը այն մասին, որ ՙշուկան ինքն ամեն ինչ իր տեղը կդնի՚ և որի արդյունքում մենք կստանանք ժամանակակից քաղաքակիրթ ժողովրդավարական երկիր, ըստ մեզ, սխալ տեսակետ է:

Հարց 6. Իսկ մարքսիզմի ու մատերիալիզմի մասին տեսությո՞ւնը:
Պատասխան. Ես չեմ համարձակվում ապացուցել, որ իմ եզրակացությունն անվիճելի է և բացարձակ ճշմարտացի, բայց ես համոզված եմ, որ մարքսիզմը և մատերիալիզմը տալիս են մեզ շրջապատող աշխարհի մասին խեղաթյուրված պատկերացում:

Հարց 7. Ռուբեն Հովսեփի, ըստ Ձեզ` ինչպիսի՞ քաղաքական ապագա է սպասվում Հայաստանին:
Պատասխան. Առաջին հայացքից կարող է թվալ, որ մեր քաղաքական համակարգում ամեն ինչ հաշվի է առնված, ապահովված է քաղաքական ներդաշնակությունը, ամրագրված վարչաուժային պաշարներով (ռեսուրսներով)` ռուսական և շատ արևմտյան տերությունների կողմից աջակցություն  ստացած:
Սրանում փորձում է համոզել առողջ դատողությունս: Սակայն իմ ներքին ձայնն ասում է, որ արդի քաղաքական իրավիճակը չի հաջողվի անփոփոխ վիճակով պահպանել երկար ժամանակահատվածում:
Ես մի բան գիտեմ, որ մեր ժողովուրդը հոգնել է ոչ թե կյանքից, այլ գործող իշխանությունից և ցանկանում է փոփոխություններ:
Բնակչության մեծամասնությանը, հատկապես գործազուրկ երիտասարդությանը, մի միտք է տանջում` ինչպես հեռանալ մայր հայրենիքից: Այո, մեր հայրենիքը հիվանդ է, նա իսկապես գտնվում է ծանր վիճակում: Ազգովին համատեղ բուժելու փոխարեն, մենք նրան լքում ենք: Երբ լքում են հիվանդ մորը, մեղավորներին արդարացում չկա... Բայց դա այլ և նույնպես ցավոտ հարց է:
Ելնելով վերը շարադրվածից, ինձ իրական չի թվում այն սցենարը, որին համապատասխան` տասը և ավելի տարիներ երկրում տիրի ավտորիտար քաղաքական ռեժիմը` ՀՀԿ-ի գլխավորությամբ: 

Հարց 8. Գործող իշխանությանն այն հնարավոր է թվում: Նա բավականին վստահ է նայում ապագային:
Պատասխան. Դա այդպես է թվում, նրանցից շատերը հայտնվեցին իրական քաղաքական փակուղում, քանի որ առանց իրենց համար անհաճո հետևանքների, նրանք չեն կարող հեռանալ իշխանության համակարգից:
Հեռանալը նրանց համար կնշանակեր, առաջին հերթին, ՙարդար աշխատանքով ձեռք բերած՚ սեփականության կորուստ և երկրորդ` ազատությունից զրկում` որոշ մարդկանց համար և այլն: Դրա համար նրանք պատրաստ չեն խաղաղությամբ թողնելու իշխանությունը: Հանուն իշխանության նրանք ցանկացած միջոցներով կկառչեն իշխանությունից:
Չգիտեմ ինչու հիշեցի Տարկովսկու ֆանտաստիկ կինոնկարը` ՙՍտալկերը՚: Այլմոլորակայինները Երկրի վրա ստեղծել էին հատուկ գոտի` իր գիտական կենտրոնով, մարդու ՙխիղճն՚ ուժեղացնելու նպատակով: Անմաքուր խղճով մարդիկ, հայտնվելով այդ գոտում, չէին դիմանում և մահանում էին: Ահա այնտեղ պետք է ուղարկել նրանց, ովքեր կառչած են իշխանությունից` հանուն իշխանության:

Հարց 9. Պարոն Ավագյան, երբ Դուք 2003 թվականին Ձեր թեկնածությունն էիք առաջադրել ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ, Սերժ Սարգսյանին դրական էիք բնութագրել: Արդյո՞ք, փոխվել է Ձեր գնահատականը նրա նկատմամբ:
Պատասխան. Իհարկե` ոչ: Սերժ Սարգսյանը, առաջին հերթին, ինչպես ես ժամանակին ասել եմ և այսօր էլ կրկնում եմ, խելամիտ, զուսպ ղեկավար է: Նույնիսկ, երբ նա ՙդուրս է գալիս հավասարակշռությունից՚, միևնույն է, չի կորցնում ինքնատիրապետումը: Որպես կանոն, նա հարգալից  է այն անձանց նկատմամբ, ում գնահատում է: Քանի որ գիտի, որ իրեն հարգող, իր գինն իմացող պրոֆեսիոնալը չի հանդուրժի իր նկատմամբ աննրբանկատ վերաբերմունք: Ցավոք, ոչ միայն իր թիմում, այլև իշխանության երեք թևերում էլ այսօր քիչ են նման պաշտոնյաները: Բայց չէ՞ որ «Կադրերն են որոշում ամեն ինչ...»: Ափսոս, որ ա°յդ կադրերն են «որոշում»… Ահա այդ պատճառով այսօր սոցիալ-քաղաքական կյանքում ունենք այն, ինչ ունենք:
Հայ ժողովուրդն արդարություն է ուզում:
Հայ ժողովուրդը ուզում է, որ իշխանությունը  խոսքից գործի անցնի, նրանից կոնկրետ քայլեր է ուզում, հոգնել է  օլիգարխների և մոնոպոլիստների դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության վերաբերյալ միայն  հայտարարություններից:
Հայ ժողովուրդը ՀՀ ԱԺ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանություն է ուզում: Չէ՞ որ ՀՀ Սահմանադրության համաձայն` իշխանությունը իրեն է պատկանում:

Հարց 10. Ստեղծված իրավիճակում Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք Սերժ Սարգսյանին:
Պատասխան.  Ինչ-որ մեկին խորհուրդներ տալը միշտ էլ նրբանկատ չէ: Ես կցանկանայի միայն  արտահայտել իմ կարծիքը:
Հայաստանի նախագահն այսօր` ՀՀ ԱԺ ընտրությունների նախօրեին, ժողովրդի հույսերի կենտրոնն  է, իսկ հույսերը պետք է արդարացնել: Ես հասկանում եմ` պայքարը իշխանության համար գայթակղիչ է և միշտ էլ  գտնվում է նրանց  ուշադրության կենտրոնում, բայց պայքարը հանուն իշխանության`  անհեթեթ է ժողովրդի համար, քանի որ այն իմաստ ունի միայն իշխանության ձգտողների համար: Նրանք, ովքեր իրենց կնվիրեն իշխանության համար պայքարին, կմտնեն պատմության մեջ: Բայց նրանք, ովքեր կապահովեն ժողովրդի համար բարեկեցություն և լուսավոր, արժանապատիվ ապագա, հավիտյան կմնան նրա հիշողության մեջ: Դրա համար  հասարակությունը պետք է պայքարի իր  ընտրյալների  համար: Չմոռանանք, եթե հայ ժողովուրդը պայքարում է, նա կարող է պարտվել, բայց, եթե նա չի պայքարում, արդեն պարտված է :
Զանգվածային լրատվական միջոցները, ըստ էության, այսօր չեն համարվում ՙչորրորդ իշխանություն՚ և պատասխանատվություն չեն կրում ժողովրդի առջև: Ցավոք, նրանք կատարում են իրավունքներն ու պարտականությունները,  որպես կանոն, իրենց ֆինանսավորողների առջև:
Անհրաժեշտ է ընդունել մի շարք օրենսդրական ակտեր քաղաքական կուսակցություների ֆինանսավորման հավասարության ապահովման համար, երբ նրանք գտնվում են ընտրական պայքարի մեջ. բացառել նրանց զբաղվել բարեգործությամբ և ձեռնարկել այլ միջոցներ, որոնք առաջարկում է «Միավորված հայեր» կուսակցությունն իր ծրագրային դրույթներում (տես ՙՄիավորված հայեր՚ շաբաթաթերթը 21(74) 13-19.10  2011թ.):

Հարց 11. Ի՞նչ կասեք  հայրենասիրության մասին:
Պատասխան. Հայրենասիրության արժեքը պետք է գիտակցեն ոչ միայն երկրի նախագահը, օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունները, հասարակական, քաղաքական կազմակերպությունները, այլ` ամբողջ ազգը: Ընդ որում` ամերիկացիները հասկացել են հայրենասիրության դերը վաղուց և ներդրել մարդկանց հոգեբանության մեջ` տանը ունենալ երկրի դրոշը և երգել պետական օրհներգը, հպարտանալ այն բանով, որ իրենք  հարկ վճարողներ են և այլն: 
Դուք շա՞տ ընտանիքներ կգտնեք մեր հանրապետությունում, որ պահում են դրոշը` որպես պետականության խորհրդանիշ:

Հարց 12. Իսկ ինչպիսի՞ կոնկրետ միջոցներով կարելի է բարձրացնել հայրենասիրության դերը  մեր երկրում:
Պատասխան. Հայրենասիրությունը, առաջին հերթին, անմնացորդ սերն ու նվիրվածությունն է առ հայրենիք: Առաջնայինն ու ամենահրատապը` անհրաժեշտ է վերացնել այն բոլոր պատճառներն ու պայմանները, որոնք նպաստում են, որ  մեր ժողովուրդը հեռանա իր դարավոր Հայրենիքից: Մեր ժողովուրդը ընտրել է արտագաղթի ճանապարհը... Այդ պատճառների ու պայմանների մասին մենք շատ ենք խոսել և գրել «Միավորված հայեր» շաբաթաթերթի էջերում: Չեմ ցանկանում կրկնվել: Եվ երկրորդ, զանգվածային լրատվական միջոցները վերջապես պետք է հասկանան, որ նախագահին, վարչապետին, ԱԺ պատգամավորներին կամ իշխանության այլ ներկայացուցիչներին  անվերջ, տեղի - անտեղի ցուցադրելը չի նպաստում հայրենասիրության դերի բարձրացմանը:
Մի խոսքով, իշխանության վերին և ներքին խավերը պետք է գիտակցեն, որ գտնվում են առաջին հերթին մեր հասարակության հույսերի կենտրոնում, իսկ ժողովուրդը իր ներկան ու ապագան ցանկանում է կապել այն իշխանության հետ, որին ուզում է, ցանկանում է : 
Այդ ժամանակ հայրենասիրության հիմնախնդիրը չի լինի այսչափ հրատապ...

Հարց 13. Եվ վերջին հարցը Ռուբեն Հովսեփի, ի՞նչ կցանկանայիք «Միավորված հայեր» շաբաթաթերթի ընթերցողներին:
Պատասխան. Թերթը կարդում եմ կանոնավոր կերպով, համարում եմ այն հետաքրքիր: Իմ ցանկությունն է` այդպես շարունակել:
Խորհուրդ եմ տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել «Միավորված հայեր» կուսակցության ներկուսակցական կյանքին: Իսկ թերթի ընթերցողներին ցանկանում եմ սովորել ուրախանալ յուրաքանչյուր ապրած օրով, բազմաթիվ կենսական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերել խելամտություն և երբեք չհուսահատվել:
Ապագան մեզ հետ է` երրորդ ուժի հետ, այլընտրանք չկա:

Հարցազրույցը վարեց
Սաթենիկ Մարկոսյանը
«Միավորված հայեր» շաբաթաթերթ #33 (85) 19.01.2012- #1-2 (86) 26.01.2012