Ուղերձներ, ելույթներ » Ռուբեն Ավագյանի ելույթը "Հայկական վերածնունդ" հասարակական քաղաքական միավորման ժո

Հարգելի հասարակական և քաղաքական

կազմակերպությունների ներկայացուցիչներ,

հարգարժան հյուրեր

 

Թույլ տվեք ազգային-հայրենասիրական, կենտրոնաձիգ, հզոր և կայուն պետականության կողմնակից, պետականամետ, երրորդ ուժ հանդիսացող "Միավորված հայեր" կուսակցության և նրա համախոհների անունից սրտանց ողջունել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Բաղդասարյանի "Հայկական վերածնունդ" հասարակական քաղաքական միավորում ստեղծելու նախաձեռնությունը:

Հայաստանի հասարակությանը հայտնի է, որ քաղաքականության հիմքը նպատակն է: Մեր կուսակցությունը 2000 թվականից միշտ հավատարիմ է մնացել իր միավորող նպատակին՝ գաղափարախոսությանը և սկզբունքներին:

Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ մենք դեմ չենք օրենքին ծառայող իշխանություններին, բայց դեմ ենք աթոռին և անձնական շահերին ծառայող իշխանամետներին: Մենք դեմ չենք առողջ և կառուցողական ընդդիմությանը, բայց դեմ ենք նրանց, ովքեր նույն իշխանամետներն են՝ առանց իշխանության:

Հարգելի հայրենակիցներ, այսօր Հայաստանում տեր և տիրական են օլիգարխները: Նրանք թափանցել են իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինների երեք թևերի մեջ և պետությանը թույլ չեն տալիս ծառայել իր ժողովրդին:

Մեզ համար պարզ է, որ որքան շատ օլիգարխ լինի իշխանության մարմիններում, այնքան կուժեղանա արտագաղթը: Օլիգարխների վրա հենվելով՝ չի կարելի պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ օլիգարխիան է ծնում կոռուպցիան: Պատճառը հենց դա է, որ վերևում տիրում է իշխանության խավարը, ներքևում՝ խավարի իշխանությունը, կենտրոնում հայ ժողովուրդը` դանակը ոսկորին...

Ինչին է դա հանգեցրել, չեմ ցանկանում մեկնաբանել, համոզված լինելով, որ բոլորիս համար երկրում ստեղծված  ծանր իրավիճակն ակնհայտ է: Բայց մի փաստ չեմ կարող չմեջբերել` այսօր մեր երկրում երեխան ծնվում է ավելի քան 800 000 դրամ պարտքը վզին:

Բոլորիս համար ակնհատ է, որ մեր երկիրը կարող է փրկել մի նոր պետականամետ միավորված ուժ, մի նոր մտածողություն, որը վեր կկանգնի քաղաքական խաղերից և անձնական շահերից: Հույս ունենք, որ այդպիսին կդառնա հենց "Հայկական վերածնունդ" միավորումը, որի սրբությունը կդառնա ազգի իրավունքի պաշտպանությունը:

Միայն այդ ճանապարհով ընթացող "Հայկական վերածնունդը" կկարողանա վերականգնել հայ ժողովրդի հավատը նոր իշխանության հանդեպ, իր երեխաների և թոռների ապագայի հանդեպ:

Այս դեպքում "Հայկական վերածնունդ" հասարակական քաղաքական միավորման դաշտում մենք դատապարտված ենք վեր կանգնել անձնական շահերից, քաղաքական խաղերից,  մեզ տեսնել, ճանաչել մեզ և համատեղ ջանքերով փրկել հազարամյակներ հարատևած  սրբազան ծեսերի երկիր Արատտա - Հայաստանը: 

Ավարտելով խոսքս, հիշեցնում եմ մեր նախնիների պատգամը` "Հոգիս՝ Աստծուն,  անունս` ժողովրդին, պատիվս` ինձ":

"Միավորված հայեր" կուսակցությունը և նրա համախոհները հույս ունեն, որ "Հայկական վերածնունդ" միավորումը գործունեություն կծավալի հանուն հայ ժողովրդի ու հայոց պետականության հզորացման և բարգավաճման ուղղությամբ:

Բարին ընդ Ձեզ:

 06.06.2015 թ.