Հայտարարություններ » «ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը»

 

 

Հայ-ադրբեջանական հարաբերությունները կրկին անգամ մտել են փակուղի:

Այս անգամ հակասության հեղինակը, բոլորի համար, և առաջինն իր իսկ համար անսպասելիորեն, դարձավ կովկասյան խնդիրներից բավականին հեռու կանգնած Հունգարիան: 

Ամեն ինչ սկսվեց օգոստոսի վերջին օրը, երբ Հունգարիայի կառավարության որոշման համաձայն Ռամիլ Սաֆարովը տեղափոխվեց Բաքու: Հիշեցնենք, որ  2004թ. Սաֆարովը Գուրգեն Մարգարյանի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործունեություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Սաֆարովը վերջինիս կացնահարել է քնած ժամանակ: 2006թ. Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման, առանց ներման թույլտվության` 30 տարվա ընթացքում: 2012թ. օգօստոսի 31-ին իրականացվեց Սաֆարովի էքստրադիցիան: Ադրբեջանական կողմը պնդում էր, որ հանցագործը կշարունակի կրել իր պատիժը: Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ միայն խախտեց իր, պետական խոստումը, այլև նրան ներում շնորհեց հենց օդանավակայանում, տվեց բարձրաստիճան սպայի զինվորական կոչում, նվիրեց բնակարան, և բացի այս, անազատության մեջ անցկացրած վեց տարիների համար վճարվեց աշխատավարձ:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ բավականին սուր հայտարարությամբ` «Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե այն սկսվի, մենք այդ պատերազմում կհաղթենք»: 

Փաստորեն, Հունգարիան ակամաից տարածաշրջան ուղարկեց պատերազմի մի նոր շարժառիթ: Հարցը կայանում է նրանում, որ ներկայիս իրավիճակում հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունները կրում են ձևական բնույթ: Հակամարտության պատճառ գոյություն ունի` Լեռնային Ղարաբաղը: Հայաստանը ինքնակամ չի զիջի Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը ոչ մի դեպքում չի հրաժարվի այդ տարածքները վերադարձնելու մտքից:  Ադրբեջանը նույնիսկ չի համաձայնի հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղին կից տարածքների վերադարձով սահմանափակվել: 

Արդեն երկար ժամանակ է, որ հակամարտող կողմերի միջև գործում է զինադադար: Ստեղծված վիճակի գլխավոր հետևանքն այն է, որ դա ձեռնտու է բոլորին, բացի Ադրբեջանից. և° Ռուսաստանին, և° ԱՄՆ-ին, և° Եվրոպային, և° Հայաստանին, նույնիսկ Թուրքիային, որը հենց այս «լռության» շնորհիվ կարողացավ բանակցություններ սկսել Հայաստանի հետ: Արևմուտքը և Ռուսաստանը ձևականորեն չեզոք դիրք են ընդունել Ղարաբաղյան և կից տարածքների հարցում: Միջազգային հանրությունը դեռևս այս տարածքների վերադարձի խիստ պահանջներ չի ներկայացրել Հայաստանին: 

Առաջին հերթին այն պատճառով, որ դա ինքնըստինքյան ենթադրում է Ղարաբաղի հայ բնակչության տեղահանում, այսնքն` ևս մեկ «հումանիտար գլխացավանք» միջազգային հանրության համար:

Երկրորդ հերթին` Հայաստանի վրա սանկցիաների և այլ միջոցների օգնությամբ արտաքին ճնշման հնարավորությունները բավականին սահմանափակ են: Հայաստանին այս պարագայում «ձեռնտու» են իր իսկ թերությունները` Հայաստանը ԱՊՀ երկրների միջև ամենաաղքատ երկրներից մեկն է, արդյունաբերական արտադրության և արտաքին առևտրի մակարդակները բավականին ցածր են: 

Նրանք, ովքեր ուզում էին ճնշում գործադրել Հայաստանի վրա` նույն Ադրբեջանը և Թուրքիան, արդեն արել են առավելագույնը` փակելով սահմանները: Իսկ Իրանը, ինչպես հայտնի է, բարիդրացիական հարաբերությունների մեջ է Հայաստանի հետ:

Եվ երրորդ` ղարաբաղյան հարցի` աշխարհին ներկայացման հարցում ադրբեջանական դիվանագիտությունը «կացնահարումից հետո» զգալիորեն կզիջի հայկական դիվանագիտությանը: 

Պատերազմական գործողություններ կարող է սկսել Ադրբեջանը, եթե համոզված լինի, որ կհաղթի պատերազմում: Հայաստանին այս պարագայում պատերազմել պետք չէ. Հայաստանը այսպես թե այնպես իշխում է տարածքների վրա: Իսկ Ադրբեջանը կարող է վերադարձնել տարածքները միայն մեծ պատերազմի միջոցով, որի ինքնանպատակը պիտի լինի ադրբեջանական զինված ուժերի անցումը ոչ միայն ղարաբաղյան տարածքներով, այլ նախկին, սովետական ժամանակների հայ-ադրբեջանական սահմանով:

Այսպիսի պատերազմը կլինի դաժան և արյունոտ:  

Հայկական կողմը նվազագույնի է հասցրել ճակատի գիծը և ստեղծել է մի քանի պաշտպանողական էշելոններ: Միակ ռազմավարությունը, որը դեպքերի ընթացքը կկարողանա փոխել ի օգուտ Ադրբեջանի. դա պատերազմի փոխակերպումն է երկու տնտեսությունների հակամարտության: Այս դեպքում Հայաստանին կմնա մեկ ելք` արգելակել պատերազմը Ադրբեջանի վրա միջազգային ճնշման միջոցով:

Այսպիսի ռազմավարության դեպքում Ադրբեջանը ամեն կերպ կձգտի երկարացնել պատերազմի տևողությունը: Եթե նա կարողանա մեկ տարվա ընթացքում պատերազմական գործողությունները պահպանել և փոխակերպել երկու տնտեսությունների պատերազմի, Հայաստանը ուղղակի չի կարողանա իր թուլացած տնտեսությամբ հակահարված հասցնել:

Բայց միջազգային հանրությունը ամեն կերպ կփորձի կանխել, կամ, պատերազմական իրավիճակի ստեղծման դեպքում, կասեցնել պատերազմական գործողությունները: Պատերազմը, առավել ևս` երկարատև պատերազմը, կխանգարի բոլորին: Առաջին հերթին նավթային կորպորացիաներին, նրանք կխոչընդոտեն պատերազմական գործողությունները` տարածաշրջանում ցանկացած անկայունություն հակասում է նրանց շահերին: Պատերազմը նաև ձեռնտու չէ Իրանին, Թուրքիային, Արևմուտքին: 

Այսպիսով, հայ-ադրբեջանական բանակցությունների անկայունությունը հնարավոր կլինի միայն գլոբալ իրադարձությունների ստվերի ներքո, երբ գերտերություններին Ղարաբաղյան հարցը այլևս մանրուք կթվա:

Խաղաղ բանակցությունների ճանապարհով Ղարաբաղյան հարցի լուծմանը թերահավատորեն են մոտենում թե° Հայաստանում, թե° Ադրբեջանում: Այս բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ գերտերությունները ունեն իրավիճակի վրա ազդելու որոշակի լծակներ: Անհայտ է` երբ սա տեղի կունենա, կամ կունենա, թե` ոչ, բայց եթե նրանց ուշադրությունը շեղվի Ղարաբաղյան հարցից և ադրբեջանական կողմը համոզված լինի, որ պատերազմի միջոցով կվերադարձնի Ղարաբաղը, այդ դեպքում կարելի է ասել, որ պատերազմն անխուսափելի է: Բայց այսօր Ադրբեջանը համոզված չէ…

Ներկայիս իրավիճակում Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակումը և հերոսացումը մոտեցրել է պահը, երբ մենք պետք է ազգովի համակարծիք լինենք «Միավորված հայեր» կուսակցության հետևյալ տեսակետի հետ` եթե չկա Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման և ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկար, «ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը»:

Սաֆարովը կացնահարեց Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարը:

 

Լիլիթ Ղազարյան