Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ
ՀՀ Նախագահը հրավիրած խորհրդակցության ժամանակ մասնավորապես հայտարարեց.
««Հանդիպման նախաձեռնությունն իմն է, և ես մտադիր եմ պարբերաբար այսպիսի խորհրդակցություններ հրավիրել: Մեր խնդիրները, մեր առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են իշխանության բոլոր թևերի ավելի համակարգված աշխատանք. հաճախակի հանդիպումներով մենք կապահովենք, որ բոլոր գերատեսչությունները, իրենց առօրյա խնդիրների լուծմանը զուգահեռ, ավելի ակտիվ մաս կազմեն համապետական այն նախաձեռնություններին ու քայլերին, որոնք համընդհանուր ջանքեր են պահանջում: Այսօրվա հանդիպման առիթը Նախագահի վերահսկողական ծառայության կողմից իմ հանձնարարությամբ կատարված մի ուսումնասիրության արդյունքների քննարկումն է, որը վերաբերում է պետական գնումների կազմակերպման գործընթացին: Բայց նախքան այդ հարցին անցնելը, մեկ-երկու դիտարկում եմ ուզում անել մեր գործունեության ներկա օրակարգի կարևոր թեմաներով:
1. Սաֆարովի գործով:
Նախ ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից արդարադատության վիժեցումը չի կարող նշանակել միջազգային իրավունքի և արդարության վիժեցում: Հակառակ պարագայում, ակնհայտ է, որ աշխարհը կհայտնվի նմանատիպ մարդասպանությունների անընդհատ կրկնության ու համընդհանուր անարխիայի ճիրաններում:
Հենց դա էր պատճառը, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ընդգծեց տեղի ունեցածի անթույլատրելիությունը: Դա շատ կարևոր էր, բայց, այնուամենայնիվ, բավարար չէ:
Հանցագործին ներում շնորհումը, իսկ ըստ էության` արդարացումը, հակասում է Եվրոպայի խորհրդի բոլոր հիմնարար սկզբունքներին և նպատակներին: Դա մենք չենք ասում, այլ այդ կազմակերպության անխտիր բոլոր ղեկավարները:
Ադրբեջանն իր արարքով իրեն դրեց միջազգային քաղաքակիրթ վարքից դուրս: Զգալով միջազգային ճնշումը` այդ երկրի ղեկավարն արդեն ավելի հաճախ է սկսել օգտագործել իր փորձված զենքը` հրապարակային սուտը: Նրա ասածների կապակցությամբ մեկ անգամ ևս պետք է շեշտեմ, որ Հայաստանում երբե°ք արտահանձնված դատապարտյալի ներում չի° շնորհվել:
Այո, հանցագործին հերոսացնող Ադրբեջանն այնպիսի անելանելի վիճակում է հայտնվել, որ ստիպված օրական մի սուտ է հորինում, մի չակերտավոր մեղք գտնում Հայաստանի վրա ու դրանով հանդես գալիս:
Խղճուկ ստեր: Ես կասեի ստերի շարք: Շքերթ է, ստերի շքերթ: Սեփական ժողովրդին տեղեկատվական տևական բլոկադայի մեջ պահող հարևան երկրի իշխանությունը կարծում է, թե կարելի է մշտապես խաբել մի ողջ ժողովրդի: Ժամանակը ցույց կտա դա հնարավոր է, թե ոչ: Բայց հայտնի ասույթը, համենայնդեպս, հակառակն է պնդում:
Իսկ մենք անցնում ենք անհրաժեշտ աշխատանքների այս ուղղությամբ: Իրավական բլոկի պատասխանատուները, կարծում եմ, արդեն շատ լավ գիտեն իրենց անելիքը: Ես ակնկալում եմ ակտիվ, հետևողական ջանքեր բոլոր հնարավոր միջազգային ատյաններում: Ակնկալում եմ համակարգված և հեռահար աշխատանք: Հաջորդը: Դիվանագետների աշխատանքների ծրագիրը մեզ արդեն պարզ է և ընթացքի մեջ է: Միևնույն ժամանակ, կարծում եմ նաև, որ կառավարությունը, արտաքին գործերի նախարարության համակարգմամբ, պետք է մշակի ծառայողական օգտագործման խորհրդատվական փաստաթուղթ, որը կօգնի մեր բոլոր գերատեսչություններին միջազգային ասպարեզում իրենց գործունեությանը զուգահեռ նաև աջակցել այս գործընթացին:
Մենք շատ բան ունենք անելու այս ուղղությամբ և չենք հապաղելու: Ստորությունը և սուտը չեն անցնելու:
2. Սիրիայի զարգացումների վերաբերյալ:
Սիրիայի հայության համար, իրոք, փորձության պահ է: Այս վիճակը մեր բաց վերքն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ապրում ենք կողք կողքի և միասին երկար ճանապարհ ենք անցել: Սիրիայի ցավը` մեր ցավն է: Մերձավոր Արևելքում և արաբական պետություններում տեղի ունեցողը` մեր պետության անվտանգության խնդրի հետ ուղիղ փոխշաղկապում ունի: Մենք շատ ենք ցանկանում, որ ստեղծված իրավիճակը հանդարտվի, և այլևս մարդիկ չզոհվեն մեր հարևան և բարեկամ Սիրիայում:
Հայաստանի պետական կառույցներն այս պահին ունեն առանձնահատուկ դեր: Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի պետական մարմինները, մասնավորապես` Արտգործնախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, Տարածքային կառավարման նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և այլ պատկան մարմիններ, գործեն օպերատիվ և համակարգված, կարողանան համարժեք արձագանքել և որոշում ընդունել ստեղծված կոնկրետ իրավիճակում:
Մասնավորապես, պահանջում եմ ձեզանից, որպեսզի Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների նկատմամբ դրսևորեք ամենայն ուշադրություն և, ըստ հարկի, համակողմանի աջակցություն ցուցաբերեք նրանց:
Մեծապես կարևորում եմ առավելագույնս դյուրացված ձևով մեր հայրենակիցներին մուտքի արտոնագրերի տրամադրումը: Այդ ուղղությամբ մենք ձեռնարկեցինք անհրաժեշտ հրատապ քայլեր իրավական դաշտում և պետք է հետամուտ լինենք այդ հեշտացված ընթացակարգերի հարթ կիրառմանը:
Սիրիահայերի անվտանգության հարցը մեր դիվանագիտական ջանքերի կիզակետում է: Իրավիճակը շատ արագ է փոխվում, և մենք հետևում ենք բոլոր զարգացումներին, գնահատում ենք նոր առաջացող ռիսկերը, փորձում ենք հնարավորինս արագ արձագանքել: Հետագա զարգացումների համատեքստում մենք նաև պետք է պատրաստ լինենք մեր հնարավորությունների սահմաններում օժանդակել սիրիահայերին իրենց ցանկացած որոշման դեպքում: Թե° Հայաստան եկողները, թե° Սիրիայում մնալու որոշում կայացրած մեր հայրենակիցները պետք է հավասարապես զգան, որ մենք իրենց հետ ենք ցանկացած որոշման դեպքում: Մենք մշտապես պետք է ծրագրավորենք մեր հետագա քայլերը զարգացման բոլոր սցենարների դեպքում: Եվ այս ուղղությամբ ևս կոնկրետ արդյունքներ եմ ակնկալում»:
Բացման խոսքի ավարտին նախագահը շեշտեց. «Հայաստանը աղետի մեջ հայտնված յուրաքանչյուր հայորդու կողքին պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում: Եթե նույնիսկ մեր հնարավորությունները չհերիքեն բոլորին ձեռք մեկնելու, մեր ջերմությունն ու սրտացավությունը պետք է տեղ հասնեն և նեցուկ դառնան նրանց»:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահը հանգամանորեն կանգ առավ երկրի ներքին իրավիճակի վրա, սուր քննադատության ենթարկելով կառավարության ու առանձին նախարարությունների անբավարար աշխատանքը: Նա հայտարարեց, որ մեղավորները ներքևում չեն, այլ «պետք է գլխից բռնել», որ բացթողումների համար պաշտոնատար անձանց «աշխատանքից ազատելով չենք բավարարվելու»:
«Միավորված հայեր» կուսակցությունը ողջունում է ՀՀ նախագահի վարած սկզբունքային ներքին քաղաքականությունը: Դա համահունչ է կուսակցության գաղափարախոսությանը:
Այո', բոլորը, անկախ զբաղեցրած պաշտոնից պետք է գիտակցեն, որ հավասար են օրենքի առջև և, իսկապես, միայն աշխատանքից ազատելը չպետք է բավարարի հասարակությանը: Արդեն տասը տարի է, որ մենք, որպես երրորդ ուժ, բացահայտորեն ու անշեղորեն պայքարում ենք մեր հասարակության ամենաամոթալի երևույթի` օլիգարխիայի ստեղծած կոռուպցիոն իշխանության դեմ:
Այսօր Երրորդ ուժը միայնակ չէ: Նրա հետ է ՀՀ Նախագահը: