Հղփացած օլիգարխներն ու նրանց ոչ պակաս հղփացած արբանյակները ամենաթողության իրավիճակում իրենց անպատժելիությունը զգալով արդեն ձեռք են բարձրացնում երկրի պահապանների վրա: Նրանց համար քիչ էր անմեղ քաղաքացիների սպանությունները, իշխանության երեք թևերի զավթումը, քիչ էր պետության ու ժողովրդի ունեցվածքի թալանը և դրա օրինականացումը` Ազգային Ժողովի օրենքները հարմարեցնելով երկրի թալանչիների նպատակներին ու շահերին. այժմ էլ նրանք ոտնձգություն են կատարում ՀՀ պաշտպանության սպաների կյանքի ու առողջության դեմ, անձանց, ովքեր իրենց կյանքը մասնագիտորեն ի սպաս են դրել Հայրենիքին ու ժողովրդին:
Սթափվե’ք վերջապես պարոնայք օլիգարխ` պլուտոկրատներ:
Դուք, որ ողողել եք հանրապետականի ու բարգավաճի շարքերը և անմեղության տիպար եք ձևանում, հարկ է, որ մտածեք հատուցման ժամի մասին:
Զարմանալի է, որ սպաների հետ կապված դեպքի առթիվ իրենց մարդկային տեսակետն ու վրդովմունքը հայտնելու առաքելությամբ դեռ հանդես չեն գալիս ՀՀԿ-ն և օրինականություն քարոզող “Օրինաց երկիրը”: Որտե±ղ են հզոր ձեռքի շարժումով Ազգային ժողով անցած քաղաքական մյուս ուժերը: Մթնոլորտում դեռ չեն մարել նրանց նախընտրական ճառերի արձագանքները, բայց արդեն ինչ-որ մեկի ցուցմանն են սպասում, որ ասեն իրենց “ծանրակշիռ” խոսքը: Նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանը համարձակորեն արժանի գնահատական տվեց կատարվածին:
Մինչև ե±րբ եք լռելու…
“Միավորված հայեր” կուսակցությունը իր նախորդ հայտարարության մեջ, շատ մեղմ մոտեցավ կատարվածին. առաջարկելով բոյկոտել “Հարսնաքար” սպանդանոցը որպես ժամանցի վայր, հույս ունենալով, որ պատկան մարմիններն ու այրերը և առաջին հերթին Ռուբեն Հայրապետյանն ու նրա հարազատ “Հայաստանի Հանրապետական” կուսակցությունը իրենց ցավակցությունները կհայտնեին, այլ ոչ թե կխուսանավեին: Սակայն այդ ամենը տեղի չունեցավ, ուստի ամենայն պատասխանատվությամբ և ի լուր բոլորի հայտարարում ենք, ”Լավ իմացեք, որ Հայոց բանակի սպա, բժիշկ, մայոր Վահե Ավետյանի արյունը դուք չեք կարող լվանալ ձեր ձեռքերից. սա լցված համբերության բաժակն էր, այն կայծը, որից բոց կբռնկվի”:
Թեև այսօր Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել ԱԺ պատգամավորի մանդատը, միանգամայն իրավացի ենք համարում “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը, որով Ռուբեն Հայրապետյանից պահանջվում է վաճառել “Հարսնաքարը” և վաճառքից ստացված գումարը փոխանցել Վահեի ընտանիքին: Իսկ նրանք, ովքեր այսօր շարունակում են օգտվել “Հարսնաքար”` սպանդանոցից, մեղմ ասած, օտարացել են Հայոց սրբություններից:
“Միավորված հայեր” կուսակցությունը խորապես ցավակցում է Վահե Ավետյանի հարազատներին: Ցավոք, նա ևս օլիգարխների բռնապետության նահատակներից է:
Մենք հայտարարել ենք և նորից ենք կրկնում, որ ժողովուրդը վաղ թե ուշ թոթափելու է օլիգարխ` պլուտոկրատների լուծը, և այն ժամանակ նրանք հանրության առջև պատասխան են տալու իրենց արարքների համար:
Իսկ այսօր օլիգարխ` պլուտոկրատները և նրանց մանկլավիկները դեռ չեն զգում իրենց պատասխանատվությունը գործող արարքների համար: Դրա վառ օրինակներից մեկը թիվ 81 երթուղային տաքսու վարորդի ծեծի ենթարկելն էր Ռուբեն Հայրապետյանի մեկ այլ թիկնապահի կողմից …
<<ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ>> ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
03.07.2012 թ.