«Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը,  մեր ողջ ժողովրդի կորուստն է...»:

Սերժ Սարգսյան

 

«Միավորված հայեր» կուսակցության շարքերում էական տեղ են գրավում նախկին զինվորականները, ովքեր իրենց պարտքը Հայրենիքի առջև  կատարելուց հետո ներկայումս էլ շարունակում են ազգին ծառայել գաղափարական պայքար ծավալելով  իշխանամետ աթոռին  ու փողի ուժին նվիրված օլիգարխների դեմ` նպատակ հետապնդելով, որ բոլորը իրենց  գործունեությունը ուղղեն հանուն ժողովրդի ու պետության շահերի:

Կուսակցության կողմից բազմաթիվ անգամ հիշեցվել է, որ եթե այսօր չկանխվի անպատժելիությունը, ապա վաղը հնարավոր չի լինի պայքարել հանցագործության դեմ:

Անհասկանալի է, թե ինչպ՞ես Էդուարդ Շարմազանովը նայեց հեուստաէկրանից տասնյակ հազարավոր մարդկանց աչքերին ու հայտարարեց, որ  վայելում են «բնակչության համակրանքը», այն դեպքում, որ  մինչև հեռուստահաղորդումը դեռ մեկ օրն էլ չէր բոլորել, որ իր կուսակիցների ցուցումով դաժան ծեծի  ենթարկեցին երեք անձանց, ովքեր ի պաշտոնե և մասնագիտությամբ կոչված են կյանքեր փրկելու... Փոխխոսնակը լռում է, լռում է այդ ամենի տեր ու տիրական, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, լռում են պատասխանատու այլ քաղաքական գործիչներ: Մինչև ե՞րբ են լռելու...

Ուղղակի ցավն այն է, որ այդ ռեստորանի համար կատարվածը եզակի դեպք չէ, երբ մարդ հղփանալով կարող է մահվան դուռն ուղարկել իր նմանին, ապա հայտարարել, որ պատճառն «ընկնել է», համոզված լինելով, որ մնալու է անպատիժ: «Միավորված հայեր» կուսակցությունը հույս է հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն օբյեկտիվ և անաչառ քննություն, և արդարադատությունը իր ծանրակշիռ որոշումը կկայացնի դեպքի առթիվ: 

Ելնելով երեք սպաների ծանր վիճակից, «Միավորված հայեր» կուսակցությունը ցավում է տուժածների կորցրած առողջության համար, դատապարտում է կատարվածը և  կոչ է անում հայ ժողովրդին մոռացության մատնել ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից հիմնադրված և իր ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, որտեղ մարդկային կյանքերը ցածր են գնահատվում ռեստորանային գներից:

 

«Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհուրդ