Նորություններ և իրադարձություններ » Քլինթոնը պետք է կրի մեղքի իր բաժինը

Հարութ Սասունյանը, ամերիկյան «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիրը, բավականին հետաքրքրական հոդված է նվիրել Քլինթոնի տարածաշրջան կատարած այցին: Հոդվածի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ձեր ուշադրությունը:

Արյունալի գործողությունների ողբերգական շարքը կրկնվում է հայ-ադրբեջանական սահմանի վրա մարդկային մեծ կորստի գնով: Ամեն անգամ, երբ ղարաբաղյան հակամարտության նպատակով բարձրաստիճան պաշտոնյանների այցելություններ կամ միջազգային հանդիպումներ են պլանավորվում, Ադրբեջանն անպայման հարձակումներ է իրականացնում հայ սահմանապահների վրա, ինչի հետևանքով գրանցվում են բազմաթիվ զոհեր:

Ադրբեջանի ղեկավարները հույս ունեն, որ նման թշնամական գործողություններով միջնորդ երկրների ուշադրությունը կհրավիրեն հակամարտության կարգավորման հրատապության վրա` ճնշում գործադրելով Հայաստանի ղեկավարության վրա, որպեսզի վերջինս Արցախի հարցում տարածքային զիջումների գնա:

Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելեց կովկասյան հանրապետություններ: Երևան ժամանելու օրն ադրբեջանական ուժերը հարձակում գործեցին հայկական երկու դիրքերի վրա, ինչի հետևանքով երեք զինծառայող զոհվեց, շատերն էլ վիրավորվեցին: Հաջորդ օրերին գրանցվեցին ադրբեջանական այլ հարձակումներ, որոնք ստիպեցին հայերին հակահարված տալ, ինչի հետևանքով հիմնականում ադրբեջանական կողմը կրեց տասնյակ կորուստներ:

Հայերն ակնկալում էին, որ առաջին հարձակումից հետո պետքարտուղար Քլինթոնը խստորեն կդատապարտի Ադրբեջանին: Անկասկած, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունը հաշվարկված էր այնպես, որ այն համընկնի Քլինթոնի? Հայաստան կատարած այցի հետ: Սակայն պետքարտուղարը կոչ արեց երկու պետություններին զերծ մնալ ռազմական գործողություններից` ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը «կարելի է լուծել բացառապես խաղաղ միջոցներով»: Քլինթոնի անընդունելի հայտարարությունը ագրեսորներին հավասարեցրեց զոհերի հետ: Ավելին, չդատապարտելով ադրբեջանական հարձակումները` նա իրոք քաջալերեց Ադրբեջանին, որպեսզի հավելյալ ագրեսիվ գործողությունների դիմի Հայաստանի դեմ:

Քանի որ բոլորը քաջատեղյակ են, որ Ադրբեջանը նմանատիպ հարձակումները պլանավորում է այնպես, որ դրանք համընկնեն բարձրաստիճան պաշտոնյաների` տարածաշրջան այցի հետ, ապա մինչև ճանապարհ ընկնելը պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պետք է զգուշացրած լիներ Ադրբեջանին, որ վերջինս զերծ մնա որևէ թշնամական գործողություններից տարածաշրջանում իր գտնվելու ընթացքում:

Պետական դեպարտամենտը պետք է Ադրբեջանի կառավարությանը խորհուրդ տված լիներ, որ Քլինթոնի այցի ընթացքում հրադադարի ցանկացած խախտում անձնական վիրավորանք կհամարվեր հատկապես պետքարտուղարի համար`չթողնելով նրան այլ ընտրություն, քան չեղյալ հայտարարեր իր` Բաքու այցը: Նույնիսկ եթե նախապես նման զգուշացում չտրվեր, այնուամենայնիվ հարձակումներից հետո Քլինթոնը պետք է հրաժարվեր Բաքու իր այցից: Ցավոք, քարտուղարն ադրբեջանական նավթը հայկական արյունից բարձր գնահատեց: Իր այս քայլերով նա վնաս հասցրեց ԱՄՆ-ի միջազգային հեղինակությանը և բարոյական կերպարին:

Քանի որ սա կարող է լինել Քլինթոնի տարածաշրջան վերջին այցը (տարեվերջին նա հեռանում է պետական ծառայությունից),  ցավալի է, որ նա իր հետևում կթողնի բռնության և հակամարտության, այլ ոչ թե` խաղաղության և հաշտեցման ժառանգություն: ԱՄՆ պետքարտուղարը հավանաբար եկել էր Երևան և Բաքու` խրախուսելու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, սակայն տարածաշրջանում նա առաջացրեց ավելի անկայունություն, քան նախկինում:

Մեկ այլ գործոն, որը խրախուսեց ադրբեջանական հարձակումները 1994 թվականից ի վեր զինադադարի խախտմանը հայերի կողմից ոչ արժանի հակահարված տալն էր: Պարզապես կրակ արձակելով` հայերը չէին կարողանա զսպել ադրբեջանական ագրեսիան: Պետք է ձեռնարկվեին այլ քայլեր` հասկացնելու ալիևյան վարչակազմին, որ հրադադարի խախտումը թանկ կնստի նրանց վրա: Պատասխան կրակ արձակելու փոխարեն հայերը պետք է չեզոքացնեին հարձակումներ նախաձեռնող ադրբեջանական ռազմական դիրքերը:

Չնայած ոմանք մտավախություն ունեն, որ հայերի կողմից ավելի ուժեղ հակազդեցությունը կհանգեցնի լայնատարած բախումների, այնուամենայնիվ նման մտահոգություններն անտեղի են, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմ մղելու, ինչպես փաստում է ռազմական փորձագետների մեծ մասը: Վաղաժամ պատերազմ սկսելու դեպքում լուրջ վտանգ կա, որ ադրբեջանցիները կկորցնեն հավելյալ տարածքներ և կունենան հսկայական տնտեսական կորուստներ:

Ադրբեջանական հետագա ագրեսիան կանխելու և հայկական կողմի զոհերի թիվը նվազեցնելու նպատակով, ստորև ներկայացված են յոթ առաջարկներ, որոնք կարող է նախաձեռնել Հայաստանը, եթե Ադրբեջանը շարունակի խախտել հրադադարի ռեժիմը`

1.         հակահարված տալ` նշանակետ բռնելով Ադրբեջանի նավթի արդյունաբերության վրա, ոչնչացնելով գազատար և նավթատար խողովակները: Լավագույն պաշտպանությունը լավ հարձակումն է,

2.         ձեռնարկել քայլեր` ադրբեջանական դիպուկահարներին չեզոքացնելու ուղղությամբ, ովքեր պարբերաբար նշանակետ են բռնում Հայաստանի սահմանապահների և մոտակա գյուղերի խաղաղ բնակչության վրա,

3.         յուրաքանչյուր հարձակումից հետո անորոշ ժամանակով դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ: Չի կարելի խոսել խաղաղության մասին և միևնույն ժամանակ պատերազմել,

4.         պահանջել բոլոր երկրներից` զերծ մնալ Ադրբեջանին զինամթերք վաճառելուց,

5.         հորդորել ՀԱՊԿ-ին (հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն)` պաշտպանական դաշինքին, որի կազմում մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը, որպեսզի նրանք զգուշացնեն Ադրբեջանին, որ Հայաստանի վրա հետագա ցանկացած հարձակման դեպքում, ՀԱՊԿ-ի անդամ երկրները հավաքական ռազմական հակահարված կտան,

6.         հայտարարել, որ Ղարաբաղի հակամարտության հարցերում Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը համարվում է թշնամական արարք, ըստ այդմ` ետ վերցնել հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը,

7.         ճանաչել Արցախի Հանրապետությունը` որպես անկախ պետություն և կոչ անել այլ երկրներին` վարվելու նույն կերպ:

«Միավորված հայեր» կուսակցությունը ողջունում է Հարութ Սասունյանի վերոնշյալ առաջարկները և կոչ է անում բոլոր հասարակական և քաղաքական գործիչներին` սատար կանգնել դրանց իրկանացմանը:

Արգիշտի Երեմյան