Վերջերս ՀՅԴ-ին պատկանող ՙԵրկիր՚ թերթում մի հոդված տպագրվեց: Այն կոչվում էր ՙԹակարդ Քոչարյանի համար, կամ` ճշմարտության պահը՚: Հոդվածում մի հետաքրքրական պահ կար, որի վրա ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը.
ՙ...Բոլոր սլաքները բացառապես Օսկանյանի դեմ ուղղելով` իշխանությունը ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն իրեն առայժմ պետք է և այդ կուսակցությունը քայքայելու նպատակ չունի: Դրա փոխարեն առանցքային խնդիր է համարում ԲՀԿ-ից Օսկանյանի գործոնի արագ չեզոքացումը: Բայց դա կախված է նրանից, թե ինչ շահագրգռություններ ունի Ռոբերտ Քոչարյանը: Այս օպերացիան սկսելով` իշխանությունը նպատակ ունի Ռոբերտ Քոչարյանին կանգնեցնել փաստի առաջ: Սա մի միջոց է` ստիպելու Քոչարյանին հենց այս փուլում բացահայտելու իր խաղաքարտերը կամ նահանջելու: Եթե Օսկանյանը ԲՀԿ-ում իսկապես Քոչարյանի ժանդարմի գործառույթն է իրականացնում, ու վերջինս չմիջամտելով ներկայիս զարգացումներին, հանդուրժում է կուսակցությունից Օսկանյանի գործոնի մեկուսացումը, որին կարծես թե դեմ չէ հենց Գագիկ Ծառուկյանը, ապա ոչ միայն կորցնում է իր գործոնը ԲՀԿ-ում և այս կուսակցությանը` իբրև հենարան, այլև խաչ է քաշում նախագահական ընտրությունների հետ կապված իր պլանների վրա՚:
Այսպիով Դաշնակցությունը ևս մեկ անգամ Քոչարյանին ազդակ է ուղարկում առ այն, որ ՙշեֆ` պապա, եթե ցանկանաս վերադառնալ, միայն տեղյակ պահիր մեզ և մենք ջանք, եռանդ և փող չենք խնայի քեզ իշխանության բերելու համար: Չմոռանաս, որ մենք ինքներս էլ ենք իշխանություն ուզում և մշտապես քո կողքին կլինենք՚: Դաշնակցության քոչարյանացումը շարունակվում է:
Նարեկ Սարգսյան