Նորություններ և իրադարձություններ » Ինչ է Հովիկ Աբրահամյանի ուզածը

Օրեր առաջ դիտում էի Հովիկ Աբրահամյանի հարցազրույցը տրված  ՙԱզատություն՚ ռադիոկայանին: Անկեղծ ասած` ես ցնցված եմ. ակնհայտ հակակառավարական տրամադրվածություն: Նա մասնավորապես նշեց, որ կառավարությունը պարտավոր է այնպես անել, որ նախագահական ընտրություններին ընդառաջ` լրջագույն հաջողություններ ապահովի: Այսինքն նա կառավարությանը դիտարկում է` որպես առանձին մարմին, առանձին թիմ, որն անկախ ընտրությունների արդյունքից, իր վրա է վերցնելու ողջ պատասխանատվությունը: Իսկ Հովիկ Աբրահամյանը, ընդհակառակը, կերևա շահեկան դիրքերից:

Ո՞րն է նպատակը: Աբրահամյանի վարչապետական հավակնությունների մասին բոլորը գիտեն: Գիտեն նաև, որ նա ոչ միայն ներկայիս, այլ նաև նախկին վարչապետների դեմ է մշտապես որոգայթ լարելª օգտագործելով իր վարչական և ֆինանսական լծակները: Օրինակ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի դեմ, ինչի մասին մենք տեղեկություններ ստացանք վիքիլիքսյան բացահայտումներից

Հարցազրույցի ժամանակ նա ներկայացնում էր իր կատարած աշխատանքային գործունեության ՙփայլուն՚ արդյունքները` ամենատարբեր պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածում: Մարզպետ, փոխվարչապետ, ԱԺ նախագահ Այդ պաշտոններում Հովիկ Աբրահամյանը ինքնադրսևորվելու առիթ իհարկե ունեցել է, բայց ինչ ուղղվածության Մարզպետի և փոխվարչապետի պաշտոններում հասցրել է այնպես անել, որ մի շարք քաղաքացիներ ամենատարբեր մարզերում խմելու ջրի խնդիր ունենան: Պարզվում է, որ այն խողովակները որոնցով ջուր էր գալիս գյուղերին, այլևս չկան: Կորել են, անհետացել են: Գնացեք Մասիս և հարցրեք Հովիկ Աբրահամյանի ՙհերոսական կյանքի՚ դրվագների մասին: Իսկ ԱԺ նախագահ եղած ժամանակ այնքան էր ՙբարձրացրել՚ ԱԺ դերը, որ ամբողջ պաշտոնավարման ընթացքում չկարողացավ ապահովել ԱԺ ներկայացված օրենքների նախագծերի գոնե կեսի ընդունումը: Շուրջ 70 տոկոսը կառավարության ներկայացրած օրենքների նախագծերն էին: Այսինքն գործով զբաղվելու փոխարեն, նա զբաղվել էր դեպի կառավարություն իր համար ճանապարհ հարթելով: Ինչ զարգացում կստանա նրա գործունեությունը, ցույց կտա ժամանակը:

Ղ. Արամյան