Հայտարարություններ » Օլիգարխիան` որպես պետության կործանման հիմնական նախադրյալ

 

ՀՀ առաջին նախագահն ստեղծեց օլիգարխների համակարգը,

ՀՀ երկրորդ նախագահը վերածեց նրանց պլուտոկրատների` ստեղծվեց մեծահարուստների, մի խումբ մարդկանց իշխանության համակարգը:

ՀՀ երրորդ նախագահը վարչապետի հետ միասին «ուժեղացնում են» պայքարը նրանց դեմ…

Հայաստանում օլիգարխիան սկսեց ի հայտ գալ անկախության հռչակման առաջին իսկ օրերից: Նպաստավոր անիշխանության և ամենաթողության պայմաններում օլիգարխները կարողացան թալանել և վաճառել սովետական իշխանությունից մնացած բարիքները: Հանցավոր սեփականաշնորհման և ապաշնորհ պետական կառավարման արդյունքում, երբեմնի հանցագործ մարդիկ դարձան պետության ամենահարուստ մարդիկ: Դասական մեթոդների գրագետ կիրառմամբ այս խավը կարողացավ ներխուժել քաղաքական ասպարեզ, որտեղ օլիգարխիան և քաղաքականությունը պսակադրվեցին` ստեղծելով քրեաօլիգարխիկ պետական ապարատ: Այս համակարգը ծառայում էր բացառապես իրենց շահերին և պետական միջոցների յուրացումը դառնում էր ինքնանպատակ: Հարստացած օլիգարխները տարիներ շարունակ հովանավորեցին կամ ձեռք բերեցին անձնական օգտագործման քաղաքական գործիչներ, կուսակցություններ, որոնց միջոցով շարունակում են թալանել պետությունը և ժողովրդին: Սա օլիգարխիայի ծննդի, գոյության և կենսակերպի դասական մոդել է կապիտալի կուտակման համար:


Սակայն եթե ասենք Մեծ Ճգնաժամի տարիներին ԱՄՆ-ում նույն կապիտալի կուտակում էր տեղի ունենում, ապա այն շատ արագ վերացավ` պետական կառույցների աշխատանքի միջոցով: Չմոռանանք, որ նույն ԱՄՆ դաշնային հետաքննությունների բյուրոյում ամերիկյան օլիգարխները, կամ ինչպես այն ժամանակ անվանվում էին` մաֆիոզները ունեին իրենց մարդկանց, ովքեր պետական համակարգը թուլացնում էին հենց ներսից: Սակայն ուժեղ պետական իշխանության ներքո այս քրեաօլիգարխիկ համակարգը երկար չդիմացավ: Ռուզվելտը լրջագույն պայքար մղեց ոչ միայն օլիգարխների դեմ, այլ վերացրեց օլիգարխիան ծնող պատճառները ընդամենը մի քանի տարում:

Այսօր Հայաստանում հասունանում է այն պահը, երբ օլիգարխիան կարող է ավելի ուժեղ իշխանություն դառնալ, քան պետական իշխանությունը ինքնին: Դրա վառ օրինակն են 2012թ.-ի ԱԺ մայիսյան ՙփայլուն՚ ընտրությունները… Սա նշանակում է ամենաթողության մի մակարդակ, երբ պետությունը այլևս ունակ չէ պայքարել պետության մեջ ապրող այլ իշխանության դեմ: Պատկերացրեք բանակ, որը գործում է Հայաստանում, սակայն վերահսկվում է ոչ թե զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից, այլ ինչ որ մի օլիգարխի, ով այդ բանակի միջոցով կարող է անել ամեն ինչ: Այս դեպքերում էլ տեղի են ունենում հեղափոխություններ և իշխանության են գալիս բռնապետերը: Նման ձևով էին իշխանության եկել արաբական աշխարհի մի շարք բռնապետեր: Եթե Հայաստանում հասնենք դրան, ապա մեր պետությունը ապագա չի ունենա: Այն կվերածվի բռնապետական երկրի, որը շատ արագ կնվաճվի հարևան, ավելի հարուստ քրեաօլիգարխիկ համակարգերի կողմից:

Մարտին Ավագյան