Հայաստանում խորհրդարանական ընտրությունները միշտ «լակմուսի թղթի» դեր են տարել, քանզի դրանցով է պայմանավորված հետագա 5 տարիների քաղաքական գործընթացների տրամաբանությունն ու երկրում հաստատվող բարոյահոգեբանական մթնոլորտը: Գաղտնիք չէ, որ օլիգարխիան 10 տարուց ավել է, ինչ Հայաստանում վերածվել է դասակարգի` իր գրված ու չգրված օրենքներով, ուրույն գործելաոճով և հստակ ընդգծված քաղաքական հավակնություններով:
Գաղտնիք չէ նաև, որ, ի տարբերություն շատ այլ երկրների, հայաստանյան օլիգարխիան աչքի է ընկնում ինտելեկտուալ կարողությունների ցածր մակարդակով և կենցաղային ցածրաճաշակ մշակույթով: Սակայն վերջերս հայաստանյան օլիգարխիայի ներկայացուցիչների պահվածքը սկսել է անցնել բոլոր տեսակի սահմանները: Թիվ 1 ներմուծող Սամվել Ալեքսանյանը հրապարակայնորեն հայտարարում է, թե ֆինանսական միջոցներ չունի ընտրարշավին մասնակցելու համար, իսկ նրա ընկերը` մեկ այլ օլիգարխ Ռուբեն Հայրապետյանը, 50.000 դրամ է փոխանցում Ս. Ալեքսանյանի հաշվեհամարին, որ նա կարողանա մասնակցել ընտրարշավին:
Այնպիսի կարծիք է ստեղծվում, որ վերոհիշյալ օլիգարխները ծաղրում են հասարակությանը: Ո՞վ չգիտի, որ Սամվել Ալեքսանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից է, կամ ո՞վ չի հասկանում, որ Ռուբեն Հայրապետյանը, ընկերոջը տրամադրելով 50.000 դրամ, ՙկայֆավատի՚ նոր թեմա է պարգևում իր օլիգարխիկ շրջապատին: Սակայն, եթե այս պարոնների պահվածքը կարելի է որակել` որպես սովորական ՙջրիկություն՚, ապա ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի թիվ 1 օլիգարխ Գագիկ Ծառուկյանի պահվածքը որակելը մի փոքր ավելի բարդ է:
Համացանցում հայտնված տեսահոլովակում հստակ երևում էր, որ Ծառուկյանի գոտկատեղի հատվածում նշմարվածը ատրճանակ է, սակայն Գագիկ Ծառուկյանի շրջապատը սկսեց պնդել, որ դա ոչ թե զենք է, այլ հեռախոս: Մի քանի օր սոցիալական կայքերը քննարկում էին ՙԾառուկյանն ու զենք-հեռախոսը՚ թեման, և ամեն ինչ տանում էր նրան, որ Գագիկ Ծառուկյանը կհաստատի, որ իր գոտկատեղի հատվածում եղածը ատրճանակ է եղել, ոչ թե` հեռախոս: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը` ԲՀԿ առաջնորդը ամոթանք տվեց լրատվամիջոցներին առ այն, թե հեռախոսը շփոթում են զենքի հետ:
Իրականում արտառոց ոչինչ չէր պատահել, ԱԺ պատգամավոր, ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը օրինական զենք կրելու իրավունք ունի, և այս միջադեպը կարելի էր հենց այդ համատեքստում էլ մեկնաբանել: Բայց ո°չ Հայաստանում և ո°չ մեր օլիգարխների դեպքում: Տեսնես ո՞վ է խորհուրդ տվել Ծառուկյանին այդպես շեշտակի հրաժարվել զենքի առկայությունից: Միգուցե հենց Ծառուկյա՞նն է որոշել այդպես շարժվել: Ամեն դեպքում, Գագիկ Ծառուկյանն ու նրա շրջապատը զբաղված են չհաջողված աճպարարությամբ, և դեռ հարց է, թե ո՞վ ու՞մ պետք է ամոթանք տա: Չէ՞ որ ստացվում է այնպես, որ Գագիկ Ծառուկյանն ու նրա շրջապատը եղածը չեղածի տեղ են ուզում անցկացնել, դեռ մի բան էլ մարդկանց ՙէշի տեղ են դնում՚:
Այս ամենը, իհարկե, կենցաղային մակարդակում: Բովանդակային հարցերի շուրջ մտորումները շատ ավելի տագնապալի իրավիճակի մասին են խոսում: Եթե նման հարցերում է տիրում սուտն ու կեղծիքը, էլ ի՞նչ ՙխոսքի ու գործի՚ համապատասխանության մասին է խոսքը, ինչպե՞ս վստահել իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարությանը: Ամենևին չենք զարմանա, որ մի օր բացահայտվի, որ Հայաստանի թիվ 1 օլիգարխ Գագիկ Ծառուկյանը նույն աճպարարությամբ է վճարում հարկերը և նույնանման աճպարարությամբ է ՙժողովրդի հետ, ժողովրդի համար՚ շարքից կարգախոսներ հայտարարում ու իր կալվածքներն ավելացնում:
Ի վերջո, էլ ի՞նչ արժեք կարող է ունենալ ԲՀԿ ՙհավատա, վստահիր, պահանջիր՚ կարգախոսը: Եթե ԲՀԿ առաջնորդն ու նրա շրջապատը չափը այնպես են անցել, որ մարդկանց համոզում են, թե իրենց աչքի տեսածը սուտ է, ապա ինչպե՞ս հավատան ու վստահեն Գագիկ Ծառուկյանին: Իսկ պահանջելու մասին խոսելը, թերևս, ավելորդ է…
Զարուհի Ասլանյան
«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ » Օլիգարխիան անցնում է բոլոր տեսակի սահմանները