ՄԻՊ-ը հանդիպել է «Միավորված հայերին» եւ ԲՀԿ-ին
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շարունակում է հանդիպումները 2012թ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ այսօր` ապրիլի 17-ին Պաշտպանը հանդիպել է «Միավորված հայեր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախընտրական շտաբերի ղեկավարների հետ եւ քննարկել ընտրական գործընթացներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խորհրդատվական եւ դիտորդական հնարավորությունները` առաջարկելով համագործակցություն նախընտրական, միջընտրական եւ հետընտրական շրջանում:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ խնդիրների, «Միավորված հայեր» կուսակցությունը մասնավորապես մատնանշեց նախընտրական շրջանում իշխանական ուժերի կողմից վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը, ինչպես նաեւ մասնավոր տարածքների սեփականատերերի շրջանում վախի մթնոլորտի գոյությունը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի ղեկավարը հիմնականում բավարարված էր նախընտրական զարգացումներով եւ էական խնդիրներ չէր արձանագրել, բացի ընտրացուցակներում առկա որոշ անճշտություններից:
Պաշտպանի հետ հանդիպման առաջարկին այս պահին դեռեւս չեն արձագանքել միայն «Օրինաց երկիր» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունները:
Պաշտպանի հաջորդ հանդիպումը կկայանա վաղը` Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտաբի ղեկավարի հետ:
news.am