Հայտարարություններ » Իսկ ու՞ր են օլիգարխները

Մեր հասարակությունում կան բազմաթիվ պարադոքսներ, որոնցից հատկապես մեկը բավական ուշագրավ և վտանգավոր է: Չգիտես ինչու` ստացվել է այնպես, որ քաղաքական, տնտեսական, մշակութային «էլիտա» են դարձել օլիգարխները.
Նրանք շրջափակման մեջ են դրել հասարակական կյանքի բոլոր ոլորտները` չթողնելով, որ հասարակությունը «շնչի»: Ոչ մի պետությունում հավանաբար չես հանդիպի քաղաքական և տնտեսական ոլորտների այսչափ սերտաճում, ինչը պետության զարգացման և առաջընթացի թերևս ամենալուրջ խոչընդոտներից է: Արդյունքում հասարակության գիտական, մշակութային և մտավորական սերուցքը բոլորովին դուրս է մղվում հասարակական-քաղաքական կյանքից, այնինչ նրանց կարիքը աննկարագրելիորեն մեծ է: Եվ խնդիրն այն է, որ մեր օլիգարխների համար թիրախ են հանդիսանում ոչ միայն «օբյեկտները», «սուպերմարկետներն» ու «խաղատները», այլև պետական կառավարման ամենալուրջ օղակները` Ազգային Ժողով, Կառավարություն և հարակից շատ ու շատ այլ կառույցներ:

Այս ցավոտ թեման կրկին արդիականություն ստացավ, երբ պարզ դարձան առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական և համամասնական ընտրակարգի թեկնածուները: Այս պարագայում կոնկրետ անվանական թվարկումների կարիք դժվար թե զգացվի, քանի որ ժողովուրդը քաջածանոթ է բոլորին:

Միակը, թերևս, «Միավորված հայեր» կուսակցության համամասնական ընտրացուցակն է, որում օլիգախներ որպես այդպիսին չկան: 

«Միավորված հայեր» կուսակցությունից փորձեցինք որոշ մանրամասներ իմանալ` կապված «զարմանալի» ընտրացուցակի հետ: «Այն, որ մեր համամասնական ցուցակում օլիգարխներ չկան, իրականում չպետք է զարմացնի ոչ մեկին: Մենք կարծում ենք, որ Ազգային Ժողովը պրոֆեսիոնալների և իրենց գործին քաջատեղյակ անձանց կարիքն ունի, ըստ այդմ` ցուցակում ընդգրկել ենք մեծամասամբ իրավաբանների, տնտեսագետների, գիտնականների: Բացի այդ, մեր ցուցակից դուրս չեն մնացել նաև կանայք և երիտասարդները, քանի որ մենք համոզված ենք, որ վերջիններս կարևոր ներուժ են հասարակական-քաղաքական կյանքում, և այդ ներուժը չօգտագործելը, մեղմ ասած, խելամիտ չի լինի»,- մեկնաբանեց ՄՀԿ նախագահ Ռուբեն Ավագյանը:

Նա նաև ավելացրեց, որ իրենք ոչ միայն իրենց շարքերում չունեն օլիգարխներ, այլև ամեն ինչ անելու են վերջիններիս գործունեությունը իրավական դաշտ բերելու համար, և դա ԱԺ-ում իրենց առաջնային անելիքներից և նպատակներից է: «Մենք պետք է մենաշնորհաօլիգարխիկ համակարգի զսպման միջոցով կարողանանք կայուն հիմքեր ստեղծել նաև փոքր և միջին բիզնեսի զարգացան համար, ինչի շնորհիվ կկարողանանք մեր հասարակությունում ձևավորել նաև միջին խավ»,- հավելեց պարոն Ավագյանը:

HayNews.am