ԵԹԵ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕԼԻԳԱՐԽՆԵՐ ԱՃԵՑՐԵՑ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՐԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ՚

 

ՌՈՒԲԵՆ ԱՎԱԳՅԱՆ

 (ՙՄիավորված հայեր՚ կուսակցության նախագահ)

 

- Դուք ձեզ հռչակել եք «երրորդ ուժ». իշխանության կամ ընդդիմության դաշտում չկա՞ այն ուժը, որը կնախընտրեիք:

- Եթե այդ ուժերը կառուցողական են ու համամիտ են մեր գաղափարներին, համաձայն որոնց` պետք է ստեղծել ճշմարիտ սոցիալ-իրավական պետություն, մենք կհամագործակցենք նրանց հետ:

 

- Այդպիսի գաղափար-կոչերով գիտե՞ք քանի կուսակցություններ են հանդես գալիս:

- Նպատակը, սկզբունքները հստակ կարող եք իմանալ միայն ծրագրերն ընթերցելով:

 

- Այնքա՞ն գեղեցիկ ծրագրեր են գրվում, բայց ո՞վ է դրանց իրագործմանը հետամուտ:

- Գաղափարախոսության հենքում մենք դնում ենք ազգի շահերը:

 

- Այսօր ընդդիմադիր կուսակցությունները, օրինակ, ազգի շահով չե՞ն առաջնորդվում:

- Եթե ընդդիմության նպատակն ազգի շահից է բխում, պատրաստ ենք համագործակցելու, բայց եթե գերխնդիրն Ազգային ժողովի պատգամավոր դառնալն է, մենք դա չենք ընդունում: Այսօր շատերը հայտարարում են, որ երրորդ ուժ են, սակայն մի օր ընդդիմություն են, հաջորդ օրն էլ` իշխանություն: Եթե երրորդ ուժ ես, պիտի համագործակցես երկուսի հետ էլ:

 

- ՀԱԿ-ի հետ կհամագործակցեի՞ք:

- Նայած` ինչ հարցերում. եթե համահունչ լինեն մեր ծրագրերը: Բայց այսօր նրանք պարզապես իշխանափոխության նպատակ են հետապնդում: Նույնն է, թե` ՙմեռավ թագավորը, կեցցե թագավորը՚: Ասել է` անվան փոփոխություն է լինելու, այնինչ` սկզբունքային մոտեցում պիտի լինի: Իշխանափոխությունը հայտարարելով, ճառերով չի լինում:

 

- Առաջիկա ընտրություններին մասնակցելո՞ւ եք:

- Այո:

 

- Դաշինքո՞վ:

- Կապրենք` կտեսնենք:

 

- Վերջերս «երրորդ ուժ» ասվածը նույնացվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Տեղյա՞կ եք:

- Առաջին անգամ եմ լսում, որ Ռոբերտ Քոչարյանը, որպես օլիգարխ, կարող է երրորդ ուժ ստեղծել: Միայն հայտարարություններ են, թե նա ուզում է քաղաքականություն վերադառնալ: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում օլիգարխներ աճեցրեց, Ռոբերտ Քոչարյանը նրանց իշխանություն տվեց, նրանք դարձան պլուտոկրատներ: Դժվար է Քոչարյանին որպես երրորդ ուժ պատկերացնել:

 

- Քաղաքական ակտիվ պայքարի «նետվող» յուրաքանչյուր կուսակցության հետևում կամ` օլիգարխ, կամ` այլ հովանավոր կա: Առանց օլիգարխի ինչպե՞ս եք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնում:

- Համամիտ եմ Ձեր դիտարկման հետ: Բայց հարցին հարցով պատասխանեմ. եթե ես հովանավորվեմ մի օլիգարխի կողմից ու գամ իշխանության, ո՞ւմ եմ ծառայելու: Ազգի՞ն: Բացառվում է: Պիտի ծառայեմ այդ հովանավորին: Իսկ սա մեզ համար ընդունելի չէ:

 

- Փաստորեն, այսօրվա իշխանական բոլոր կուսակցությունները (և ոչ միայն նրանք) ծառայո՞ւմ են իրենց հովանավորներին:

- Չեմ կարող պնդել, բայց գիտեմ, որ նման դեպքում կուսակցությունն անկախ չի կարող լինել:

 

- Այսօր ընտրության մասնակցության համար պահանջվող գրավի չափը բավականին մեծ է, ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել ֆինանսական «անջրպետը»:

- Հավատում եմ, որ մինչ 2012-ի ընտրություններն այդ չափորոշիչը փոփոխության կենթարկվի, իսկ ընտրություններն էլ կլինեն թափանցիկ ու արդար: Եթե նշածս մնա այնպես, ինչպես այսօր է, ՄՀԿ-ն կհրաժարվի գնալ ԱԺ: Դա արդեն անիմաստ կլինի:

 

Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «Իրատես de facto» թիվ 66 (313), 21.10-24.10.2011թ.