Statements » «Միավորված հայեր»-ը նոր կարգախոս ու խորհրդանիշ ունեն

 

«Միավորված հայեր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանդես է գալու միանգամայն նոր կարգախոսով և խորհրդանիշով, որոնք ունեն իրենց ուրույն նշանակությունը: Այս մասին տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

ՄՀԿ ներկայացուցիչների մեկնաբանմամբ` «Միավորված հայեր» կուսակցությունը երրորդ ուժ է, նոր ուժ, որը պետականամետ է և կենտրոնաձիգ: Այս գաղափարն առավել ընդգծված է արտահայտվում նոր կարգախոսի և խորհրդանիշի միջոցով: Կուսակցության ընտրացուցակում ընդգրկված մարդիկ նոր դեմքեր են, քանի որ իրենցից ներկայացնում են գիտնականներ, իրավաբաններ, կանայք և երիտասարդներ, ովքեր ունեն նոր խոսք ու նոր գործելաոճ և առաջին անգամ են առաջադրվել ԱԺ ընտրություններին:

«Ժողովուրդը ունի նոր` ոչ ընդդիմադիր և ոչ իշխանամետ դեմքերի կարիք, ովքեր բնավ օլիգարխներ չեն, կարող են իրենց շուրջը միավորել բոլոր «առողջ» քաղաքական ուժերին` ի նպաստ սոցիալ-իրավական, ժողովրդավարական պետության ստեղծմանը: Մենք բռնել ենք իրավունքի գերակայությամբ և օրենքի գերիշխանությամբ պետության կյանքի կոչման ուղին»,- մեկնաբանել է ՄՀԿ խորհրդի անդամ, ակադեմիկոս Գուրգեն Հովսեփյանը: