Հայտարարություններ » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

“Միավորված հայեր” կուսակցության հարգելի´ անդամներ և համախոհներ, հարգարժա´ն հայրենակիցներ

Ազգային Ժողովի մայիսյան ընտրությունները ևս մի անգամ ցույց տվեցին, որ իշխանությունը և օլիգարխների կապիտալը փոխշաղկապված են, ներդաշնակ ու անբաժանելի են: Գաղափարախոսությունը ինչքան էլ որ այն կատարյալ լինի ոչ տեղ ունի հանրության մեջ, ոչ էլ` ուժ: Ցավոք, Հայաստանում այն այսօր մեռած է: Դրանում ևս մի անգամ համոզվեցինք դեկտեմբերի 4-ին ԱԺ մեծամասնական ընտրակարգով Գյումրիում և Երևանում տեղի ունեցած ընտրությունները պատգամավորական երկու թափուր մանդատների համար: Երբ “շռնդալից հաջողությամբ” Հանրապետական կուսակցության երկու անդամներ “ջախջախիչ պարտության” մատնեցին այլ կուսակցությունների առավել փորձված, հանրության կողմից ճանաչված և ընդունված պատգամավորական թեկնածուներին: Այսինքն, ի՞նչ գաղափարախոսության կամ գործնական արժանիքներ, երբ առկա են վարչական և  ֆինանսական լծակները:

Իհարկե, գաղափարախոսություն այսօր կյանքի կոչելը դժվար խնդիր է: Սակայն երկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից և “Միավորված հայեր” կուսակցությունը այդ քայլը կատարեց Ազգային Ժողովի մայիսյան ընտրությունների ժամանակ ու ներկայացրեց հանրությանը իր գաղափարախոսությունը և հստակեցված ծրագիրը, որի հիմքում ընկած է ազգի շահը:

Բայց ասողին լսող է պետք: Այսօր բնակչության մոտ 50 տոկոսը չի հավատում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ էլ այլընտրանք` երրորդ ուժին, իսկ մնացած 50 տոկոսի մեծ մասը գտնվում է վարչական լծակների ճնշման տակ, վախի մթնոլորտում, կամ իր ձայնը դարձրել է նյութական արժեք, այսինքն` ապրանք, չգիտակցելով, որ իրեն պատկանող իշխանությունը վաճառում է օլիգարխ-պլուտոկրատներին:

 Ցավոք, այսօր չի կարելի ընդունել օրենք, որ կպաշտպանի մեզ մեզանից: Անհնարին է օրենքով սահմանել բարոյական նորմեր: Դրանք օրենքով կարող են միայն պաշտպանվել... Ընդդիմադիր և այսպես կոչված “այլընտրանք” կուսակցությունները այսօր  վեր են դասում կուսակցության շահերը: Նրանց քաղաքական խաղերը թույլ չեն տալիս, որ համախմբվեն և ընտրեն ՀՀ Նախագահի միասնական թեկնածու: Արդյունքում գործող Նախագահն այլընտրանք չունի, հենված է օլիգարխների  կապիտալի և վարչական ռեսուրսների վրա:

Այսօր մեր երկրում տիրում է անարդարություն, ժողովրդի մեծամասնությունը ի վիճակի չէ կյանքի կոչել իր հնարավորությունները, տաղանդավոր երիտասարդությունը առանց “քեռիների” ու հովանավորության չունի ապագա: Եթե հայրենասիրությունը դարձել է փող և պաշտոն ու գործում է “ի՞նչ տարբերություն, որտեղ ենք ապրում` Հայաստանում, թե Չինաստանում” կարգախոսը, ապա այդ երկրում լինել մեծահարուստ և “ճանաչված” մտավորական` ամոթ է:

Ստեղծված իրավիճակում առաջադրել նախագահի թեկնածու “Միավորված հայեր” կուսակցությունը` որպես երրորդ ուժ, որոշեց աննպատակահարմար:

“Միավորված հայեր” կուսակցությունը` որպես ազգային, հայրենասիրական, կենտրոնաձիգ, հզոր և կայուն պետականության կողմնակից` երրորդ ուժ` այլընտրանք իշխանամետ և ընդդիմադիր ուժերին, անելու է ամեն ինչ, որ մեր երկրում վերականգնվի արդարությունը և արդարադատությունը, որ իրավունքը և ճշմարտությունը համահունչ լինեն, օլիգարխները, որ այսօր զավթել են իշխանությունը, անցնեն պատմության գիրկը, և այդ ժամանակ իրական ժողովրդավարական Հայաստանում իսկապես ամոթ կլինի լինել աղքատ և ոչ մտավորական:

 

“Միավորված հայեր” կուսակցության 

քաղաքական խորհուրդ

28.11.2012թ.