«Քաղաքականության մեջ ողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ իմացվի` երբ է ստելու ժամանակը, երբ` լռելու»:

Մադամ դը Պոմպադուր (Ժաննա Անտուանետտա Պուասսոն 1721-1764)

Վարդան Օսկանյանի և նրա կողմից հիմնադրված Սիվիլիթասի շուրջ կրքերը թեժանում են, և կարելի է ենթադրել, որ դեռ երկար ժամանակ Սիվիլիթասը կգտնվի հանրության ուշադրության կենտրոնում: Օրեր առաջ Օսկանյանին կանչեցին ԱԱԾ` ցուցմունք տալու համար, որից հետո Օսկանյանը շատ վախեցած տեսքով հարցազրույցներ էր տալիս տարբեր հեռուստաընկերություններին և լրատվական գործակալություններին: Դրանից հետո Օսկանյանը կրկին իր ֆեյսբուքյան էջում կատարեց հետևյալ գրառումը, որում ասված էր, որ նա կրկին հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն` ցուցմունք տալու, և քանի որ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ինքը հարցաքննվում է ոչ թե` որպես վկա, այլ` կասկածյալ, ապա դա հաշվի առնելով` նա որոշեց օգտվել իր սահմանադրական իրավունքից և ցուցմունք չտալ: Չբավարարվելով այս ամենով` Օսկանյանը ի ցույց դրեց այն պետությունների ցանկը, որոնց կառավարությունները ամիսներ շարունակ ֆինանսավորել են Սիվիլիթասի գործունեությունը: Սա իհարկե իր մեջ պարունակում  էր քաղաքական շանտաժի էլեմենտներ: Բանն այն է, որ երբ Սիվիլիթաս հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Նորվեգիայի կառավարությանը` շարունակվող աջակցության, ինչպես նաև օրերս հաստատված, 2012 թ. սեպտեմբերից երեք տարով տրամադրվելիք 1,5 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության համար, սա նշանակում է հստակ մեսիջ առ այն, որ` եթե ինձ Հայաստանում նեղեք, ապա չի բացառվում, որ միջազգային հանրությունը ձեզ նույնպես կնեղի միջազգային տարբեր հարթակներում: Դրանից անմիջապես հետո, ասվում է, որ Սիվիլիթասը իր երախտագիտությունն է հայտնում իր բոլոր նախկին և ներկա գործընկերներին ու նվիրատուներին` Գերմանիայի կառավարությանը, Նորվեգիայի կառավարությանը, Լեհաստանի կառավարությանը, Նիդեռլանդների կառավարությանը, Շվեյցարիայի կառավարությանը, Մեծ Բրիտանիայի կառավարությանը, ԱՄՆ կառավարությանը, ԵԱՀԿ-ին, Եվրասիա համագործակցության հիմնադրամին, ԱՄՆ Գերմանական Մարշալի ֆոնդ/ Սևծովյան հիմնադրամին: Սիվիլիթասը հատուկ շնորհակալություն է հայտնում բարերար Ջոն Հանթսմանին համագործակցության և հովանավորելու համար: Ստացվում է, որ Օսկանյանը փորձում է նախահարձակ լինել և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իր վրա: Սրանով, իհարկե ամեն ինչ չի ավարտվում: Օսկանյանը տալիս է նաև երկրորդ մեսիջը: Երկրորդ մեսիջն այն է, որ Սիվիլիթասը Էդուարդո Էռնեկյանից օրերս 150 հազար ԱՄՆ դոլար է նվեր ստացել: Սրանով Օսկանյանը շանտաժ է անում, որ նաև ազգությամբ հայ բիզնեսմենները, ովքեր մեծ ներդրումներ են անում Հայաստանում, կսկսեն նեղել Հայաստանի իշխանություններին: Հասկանալով Օսկանյանի նման գործողությունների դրդապատճառը` պետք է նշել, որ այն գումարները, որոնք օրերս են նստել Օսկանյանի հաշիվներին, վստահաբար փոխանցված են եղել շատ ավելի վաղ, մինչև քրեական գործի հարուցումը ԱԱԾ-ի կողմից: Չի բացառվում, որ միջազգային կազմակերպությունները փոխեն իրենց կարծիքը և դադարեցնեն Օսկանյանի ֆինանսավորումը` վախենալով իրենց փողերի լվացման հեռանկարից: