Նորություններ և իրադարձություններ » Օլիգարխիան և Հովիկ Աբրահամյանի ժամանակները

 Խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանում արդեն իսկ ուրվագծվում էր հայաստանյան քաղաքական դաշտի այն հատակագիծը, որի ականատեսն ենք մենք այսօր: Միակ անակնկալը, թերևս, եղավ այն, որ ԲՀԿ-ն կոալիցիա չկազմեց ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի հետ, իսկ միակ կիսաանակնկալն էլ այն էր, որ Հովիկ Աբրահամյանը նորից վերընտրվեց ԱԺ նախագահ: Հիշենք, որ նախընտրական շրջանում Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց և «վիզ դրեց» ՀՀԿ-ի համար, իսկ ընտրությունների ավարտից հետո դժվար էր ասել, թե նախագահը վերականգնե՞լ է արդյոք Արգամիչի նկատմամբ վստահությունը, թե` ոչ: Կյանքը ցույց տվեց, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ վստահությունը վերականգնված է: Ինչևէ, ներկայիս հայաստանյան քաղաքական իրականությունն ունի զարգացման երկու հեռանկար. կամ նախագահ Սերժ Սարգսյանն ունի հստակ հաշվարկ և խաղում է բացառապես բոլորի հետ, կամ էլ` ստեղծված ներքաղաքական գործընթացը ինքնավար զարգացման այնպիսի տրամաբանություն ունի, որի հետևանքով հատկապես իշխանության ճամբարում շատ շուտով գզվռտոց է սկսվելու: Իսկ այդ գզվռտոցի հիմնական հրահրողները լինելու են իշխանություն պահելու և ունեցած կապիտալը անհագ մղումով բազմապատկելու ցանկություն և ախորժակ ունեցող օլիգարխներն ու պետական ապարատ ներթափանցած նրանց ներկայացուցիչները: Որպես այս դասակարգի իդեալական առաջնորդ` դիտարկվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արգամիչը ակնարկում է, որ գոհ կլինի կառավարության աշխատանքից, եթե հնարավոր լինի երկրում ապահովել տնտեսական աճ: Եվ սա այն դեպքում, երբ տնտեսական աճի մասին Հայաստանում խոսակցությունները իմիտացիոն բնույթ են կրում: Ի՞նչ տնտեսական աճի մասին կարող է խոսք գնալ, եթե երկրի ԱԺ նախագահը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը, պատգամավորների զգալի մասը, նախարարների թիկունքում կանգնած ուժերը ամենամեծ տնտեսվարող սուբյեկտներն են: Ու՞մ միջոցով է ապահովվելու այդ տնտեսական աճը, ո՞վ է հարկեր վճարելու: Օլիգարխներն այսօր ներկա են բոլոր համակարգերում, նրանք են օրվա հերոսները և նրանք են կանխորոշում Հայաստանի ապագան, իսկ նրանց ուզածը մեկ բան է` փող և ավելի շատ փող: Չի կարող Հայաստանը կայուն տնտեսական զարգացում ունենալ, երբ օլիգարխիան ներթափանցել է պետական ապարատ և պետական ինստիտուտները աշխատեցնում է միայն այս դասակարգի բարօրությունն ապահովելու համար: Կարծում ենք, Հովիկ Աբրահամյանի վերցրած «time out»-ը երկար ժամանակ չի տևի: Տիգրան Սարգսյանից ազատվելու գերխնդիրը օլիգարխիան չի կարող երկար ժամանակով հետաձգել: Ինտելեկտուալ քաղաքականության կողմնակից Տիգրան Սարգսյանը իր ողջ էությամբ վտանգավոր է քրեաօլիգարխիկ դասակարգի համար: Ուստի Արգամիչն ու նրա շրջապատը վարչապետի պաշտոնի համար մարտնչելու են երկու հնարավոր սցենարներով: Առաջին սցենարի համաձայն` նրանք փորձելու են նախագահական ընտրությունների շրջանում շահարկել վարչապետի պաշտոնի հարցը: Ի դեպ, այս մասին Հովիկ Աբրահամյանը ակնարկել է վերը նշված հարցազրույցում` հասկացնելով, որ կառավարության ապագան կախված է տնտեսական աճից և նախագահական ընտրություններից հետո կառավարության և նրա ղեկավարի հարցը քննարկվելու է: Երկրորդ սցենարը, հավանաբար, կգործարկվի այն դեպքում, եթե նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը նորից վարչապետ նշանակի Տիգրան Սարգսյանին: Սա կնշանակի, որ օլիգարխիան պետք է կենաց-մահու կռիվ տա, քանզի նախագահական ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանի վերանշանակումը մեծապես կաջակցի նրա 2018թ.-ին նախագահ ընտրվելու գործին, ինչը Հովիկ Աբրահամյանի համար կնշանակի` անցնել թոշակի, իսկ օլիգարխների համար` շարքային քաղաքացիների նման հարկերի վճարում: Ի դեպ, Տիգրան Սարգսյանի եվրոպական աջակցության նպատակն է հենց օլիգարխներին կուլակաթափ անելը և բնականոն հարկային-մաքսային ռեժիմ սահմանելը: Ինչևէ, նման ապագայի համատեքստում, թերևս, ճիշտը Սերժ Սարգսյանի իմաստությանն ու բարի ցանկություններին ապավինելն է, ինչի հետևանքը կարող է լինել նախագահ վերընտրվելուց հետո Հովիկ Աբրահամյանի և նրա օլիգախ հենարանների դիրքերի թուլացումն ու աստիճանաբար պատմության գիրկը նետումը: Գևորգ Նահապետյան