Հայտարարություններ » Տեսակի վերադարձը


ԱԺ ընտրությունները արդեն իսկ պատմություն են: ԱԺ-ն ունի նոր/հին ղեկավարություն: Տեսակի առումով ամեն ինչ նույնն է: Ձևական կողմը` ապահովված: Վերածնվում է տեսակ, որը գերիշխում է մեր իրականության մեջ: Հայտնի փաստ է: Նմանները ձգում են իրար:

Ինչևէ, Հովիկ Արգամիչի և նրա տեսակի վերադարձը նշանավորվեց իր ԱԺ-ում ելույթով: Նա կրկին ձեռնոց նետեց հանրությանը` հասկացնելով, որ ինքը ճիշտն է, և ճիշտը չի մեռնում, այլ հիվանդանում է: Իսկ ճիշտը մի հատ է: Այս խոսքը այսպես կոչված քուչայական միջավայրում է ընդունված: Այն միջավայրում, որտեղ պետության շատ առաջավոր դեմքեր իրենց հարմարավետ են զգում: Հովիկը հասկացրեց, որ ամեն ինչ նույնն է, և այս պետությունը պետք է առաջ գնա հենց իր` իր տեսակի անձանց թելադրանքով և կանոններով:

Երկրորդ ձեռնոցը Արգամիչը նետեց կառավարությանը` վարչապետին, ավելի ճիշտ` վարչապետի աթոռին: Պաշտոն, որի մասին մշտապես երազել է: Պաշտոն, որը նրա իղձն է եղել սկսած իր քաղաքական գործունեության սկզբից: Վիկիլիկսյան բացահայտումների շնորհիվ մենք հասկացանք, որ նա փոխվարչապետ եղած ժամանակ անգամ աշխատում էր իր պետության վարչապետի, իր կուսակցության վարչեպետի, իր վարչապետի դեմ: Վարչապետ, ով այսօր այդ կուսակցության խորհրդանիշն է դարձել:

Հովիկը ճիշտ է: Նրա տեսակը չի մահանում`հիվանդանում է: Նա ամեն ինչից դուրս է գալիս չոր: Ամեն տեղ գտնում է իր տեղը` ցանկացած նախագահի, վարչապետի ԱԺ նախագահի, կոալիցիայի դեպքում: Այս տեսակը երբեք չի կարող լինել ընդդիմադիր: Այս տեսակը հարմարվում է միայն իշխանական կերակրատաշտակին, և կրկնեմ, խնդիրը Հովիկ Աբրահամյանի մեջ չէ, խնդիրը այդ տեսակի, աշխարհայացքի, էության և արժեքների մեջ է: Ակնհայտ է դառնում, որ այս պետությունը, այս տեմպերով առաջ չի գնա: Ապագան կրկին մշուշոտ է, կրկին կիսատ և անհասկանալի: Ով Հայ ազգ, քո պայքարը չի ավարտվել:

 Աննա Կիլիկյան