Հայտարարություններ » Սա է երկրիս Ազգային Ժողովը

ԱԺ ընտրությունները արդեն պատմություն են: Պատմություն, որը կերտվեց մի քանի ուժերի խմբավարմամբ: Ովքե՞ր անցան ԱԺ, ինչի՞ հաշվին: Արդյո՞ք նրանք ունեին բավարար աջակցություն ժողովրդի կողմից: Դիտարկենք հատ-հատ:

ՀՀԿ: Կուսակցություն, որ բաղկացած է տարբեր տեսակներից: Կուսակցություն, որ ունի ահռելի մեծ ֆինանսական միջոցներ: Կուսակցություն, որ ունի վարչական հզոր լծակներ: Կուսակցություն, որ իր օլիգարխների հաշվին ամեն ինչ կարող է իրեն թույլ տալ: Անկասկած էր այս կուսակցության խորհրդարան մտնելը: Հաշվի առնելով ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, այս կուսակցությունը, ամեն գնով, դեռ երկար է պահելու իր իշխանությունը:

ԲՀԿ: Կուսակցություն, որ ավելի շատ ՍՊԸ է հիշեցնում: Կառույց, որը հավաքեց հարյուր հազարավոր ձայներ` տասնյակ միլիոնավոր դոլար ընտրակաշառք բաժանելով: Կուսակցություն, որտեղ ինտելեկտուալ կարողությունները հասցված են մինիմումի: Կուսակցություն, որտեղ մարդիկ հավաքված են մեկ գաղափարի` փողի շուրջ: Այստեղ չկա ոչ մի արժեք, ոչ մի գաղափարախոսական հենք, ոչ մի տեսլական:

ՀՅԴ: Բառիս բուն իմաստով դարն ապրած կառույց: Դաշնակցության ցուցակում ով ասես կար: Նախկին նախարարներ, ովքեր իրենց ղեկավարած նախարարությունները հիմնովին քանդեցին, թալանեցին և երբ եկավ պատասխանատվության պահը` դարձան ընդդիմություն, որ ցանկացած մեղադրանք ներկայացնեն, որպես քաղաքական ճնշում: Կուսակցություն, որի անդամներից շատերը օլիգարխներ են: Անձնական բիզնեսների համար ամեն ինչի են պատրաստ: Կուսակցություն, որ երկփեղկված է և դատապարտված թուլացման: Արդյոք կարո՞ղ էին այս կուսակցության հիմնադիր հայրերը պատկերացնել, ում ձեռքն է ընկնելու այս կուսակցությունը: Արդյոք կարո՞ղ էին պատկերացնել, որ իրենց մի օր վստահելու են անկախ Հայաստանի սոցապ, կրթության, առողջապահության ոլորտները, որոնք օգտագործվելու են անձնական, այլ ոչ գաղափարական կամ կուսակցական նպատակներով: Թալանը, որ պրոֆեսիոնալ ձևով կազմակերպեցին այս ավանդական կուսակցության որոշ անդամներ, հարված հասցրեց այդ կուսակցության վարկանիշին, իսկ արտասահմանյան կուսակցական կառույցները հասկանալով դա կտրեցին բոլոր տեսակի ֆինանսական հոսքերը դեպի հայաստանյան կառույց: Մանդատների քանակը դրա վառ ապացույցն են:

ՕԵԿ: Կուսակցություն, որը մեր իրականության մեջ բազմամարդն էր, որ դարձավ կցորդ: Կոալիցիոն հուշագիրը ստորագրելու համար վերջինիս առաջնորդը գլխիկոր գնաց հաղթանակած ՀՀԿ-ի շտաբ և ստորագրեց իրեն դեմ տված փաստաթղթի տակ: Հավանաբար նույնիսկ չկարդալով` ինչի տակ է ստորագրում:

ՀԱԿ: Դաշինք, որը կազմաքանդվում է: Այնքան այս կառույցի ղեկավարը այլոց կազմաքանդման դատապարտեց, որ ինքը կազմաքանդվեց: Որպես վերջին շունչ կարողացավ պառլամենտ իրեն գցել, որտեղ էլ կկնքի իր մահկանացուն` որպես շարժում, քաղաքական ուժ: ՀԱԿ պատգամավորները` Նիկոլը, Լյուդան, Հրանտը և այլոք, դեռ մեզ շատ ուրախ և զվարթ պահեր են պարգևելու:

«Ժառանգություն» կուսակցություն: Ժամանակին հանդես էր գալիս` որպես պետականամետ երրորդ ուժ: Ընդգրկեց իր կազմում ՀԱԿ-ՀՀՇ-ականների մի թևը: Փոխելով իր քաղաքականությունը, հազիվ տեղ գտավ Ազգային Ժողովում: Կվերադառնան, արդյո՞ք, իրենց արմատներին` ցույց կտա Րաֆֆի Հովհաննիսյանի ապագա դիրքորոշումը:

Ահա այսպիսի պառլամենտ ձևավորվեց` վարչական ռեսուրսներով, փողով, թաղային հեղինակություններով, լծակներով կերտված:

 Մարատ Հակոբյան