Հայտարարություններ » Էս դաշնակները էն դաշնակների հետ կապ չունեն

Զրուցակիցս մի ծեր տաքսիստ էր, ով հաստատ իր կյանքում շատ բաներ էր տեսել, շատ բաների միջով անցել: Պառլամենտական ընտրություններից անմիջապես հետո էր: Ծերուկը որոշեց ինձ հետ խոսել քաղաքականությունից: Առանձնապես ցանկություն չունեի խոսելու, սակայն ուշադիր լսում էի: ՙՍուտի բաներ են էս ընտրություն կոչվածը, միևնույննա իրականությունը հետ կապ չունեն: Իմ հասկանալով պետք է կոմունիստներն անցնեին: Ռուսաստանից նրանց աջակցություն կար, իսկ Ռուսաստանյան ընտրությունների արդյունքում նրանք բավականին պատկառելի ձայներ ստացան: Իրանք պետք է անցնեին դաշնակների փոխարեն, գոնե մի 5-10 տոկոս պետք է հավաքեին: Դաշնակները էն հին դաշնակները չեն: Սրանք չեն տարբերվում ներկայիս օլիգարխներից: Մի դրանց օբյեկտները նայեք: Օպերայի տարածքի կեսը դրանցնա: Մենակ սաղին փնովեն իրանց ալիքով: Ո՞վա տենց բան տեսել: Էն Թամանյանի կառուցած սիրուն շենքի կողքը դրել, կառուցել են ինչ որ զզվելի կաֆեներ ու հետո էլ ասում են Դաշնակցությունն ընդդիմությունա: Էդ ո՞ր մի ընդդիմությունը ունի տենց օբյեկտներ: Բա դրանց ռեստորանները: Հենա էն մեկը Լենինգրադյանի վրա, ասում են դրանցնա: Մի հատ էլ հրապարակի վրա ունեն: Բա էդքան փող դրանց որտեղի՞ց: Ուրեմն թալանել են: Եկան իշխանության, սկսեցին թալանել: Էն Առաջին Հանրապետությունը դաժե չկարեցան պահեն: Երևի թալանին, հենց բան չմնաց որոշեցին տալ կոմունիստին: Կոմունիստն էլ եկավ տեսավ սրանք սաղ թալանել են, արգելեցին դրանց գործունեությունը: Հիմա էլի եկել են, իշխանություն են ուզում: Է հենա քանի՞ նախարար ունեիք: Աշխատեիք: Ասումա էն սոցապի հերը սրանք անիծեցին, որբերի տներն էլ ծախին կերան: Նույնն էլ լուսավորության մինիստրությունը: Ամենակաշառված նախարարություններն են: Էլ չեմ ասում դրանց քանդած առողջապահությունը: Էսի պետություն չի: Էն Արթուր Բաղդասարյանն էլ մեռավ խոստանալով, որ ավանդները հետա տալու: Մինչև հիմա չտեսանք: Էսօր կանք, վաղը չկանք ո՞վա մեր փողերը վայելելու, իրանք երևի կվայելեն: Հետո էլ կոմունիստներին անուն են կպցնում: ԲՀԿ-ն էլ էնքան փող ունի…ասա գնա վայելի ի՞նչ էս ուզում է~: Հանրապետականներն էլ ասին հավատացեք, որ փոխենք: Հավատացինք: Բա ինչի՞ լֆիկին չփոխեցին: Չգիտեմ բալա ջան, չգիտեմ՚:
Ծերուկը խոսում էր, իսկ ես նրան լսելով հասկանում էի, որ մարդիկ դեռ հույս ունեն ու այդ հույսը դեռ կենդանի է: Ապրում են միայն այդ հույսով: Գոյատևում են:
Նաիրա Սահակյան