ՄԻՊ-ը հանդիպել է «Միավորված հայերին» եւ ԲՀԿ-ին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շարունակում  է  հանդիպումները 2012թ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ այսօր` ապրիլի 17-ին Պաշտպանը հանդիպել է  «Միավորված հայեր» եւ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունների նախընտրական շտաբերի ղեկավարների  հետ եւ քննարկել ընտրական գործընթացներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խորհրդատվական եւ դիտորդական հնարավորությունները`  առաջարկելով համագործակցություն  նախընտրական, միջընտրական եւ հետընտրական շրջանում:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ խնդիրների, «Միավորված հայեր»  կուսակցությունը մասնավորապես մատնանշեց նախընտրական շրջանում իշխանական ուժերի կողմից  վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը, ինչպես նաեւ մասնավոր տարածքների սեփականատերերի շրջանում վախի մթնոլորտի գոյությունը: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի ղեկավարը  հիմնականում բավարարված էր  նախընտրական զարգացումներով եւ էական խնդիրներ չէր արձանագրել, բացի ընտրացուցակներում առկա  որոշ անճշտություններից: 

Պաշտպանի հետ հանդիպման առաջարկին այս պահին դեռեւս չեն արձագանքել միայն «Օրինաց երկիր» եւ   Հայաստանի Հանրապետական կուսակցությունները:

Պաշտպանի հաջորդ հանդիպումը կկայանա վաղը` Հայ Ազգային Կոնգրեսի  նախընտրական շտաբի ղեկավարի հետ:

news.am