«Միավորված հայերը» վստահ է, որ կհաղթահարի 5 տոկոսի շեմը, այլապես չէին մտնի քաղաքականություն

 

Այսօր Հայաստանում քաղաքական ուժերը կամ իշխանամետ են, կամ ընդդիմադիր, դրա համար էլ ժողովրդի վիճակն այսպիսին է: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ռուբեն Ավագյանը՝ հավելելով, որ իրենք պետականամետ ուժ են եւ իրենց շարքում գիտնականներ, իրավաբաններ, սոցիոլոգներ եւ այլ պրոֆեսիոնալներ են, «այն ինչն այսօր բացակայում է ԱԺ-ում»:

Նրա խոսքով՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ շախմատի տախտակի երկու կողմերն էլ սեւ խաղացողներ են: Ռուբեն Ավագյանը նշեց, որ իշխանությունը չի ցանկանում փոխել Ազգային ժողովը, քանի որ նորից նույն օլիգարխներն են, իսկ որքան շատ օլիգարխ լինի ԱԺ-ում, այնքան քիչ մարդ կմնա Հայաստանում:

«Հիշենք կարգախոսները, ասացին «Առաջ Հայաստան», Հայաստանը դատարկվեց, «Հավատանք, որ փոխենք», բայց ո՞ւմ կամ ինչի՞ն հավատանաք: Իսկ նրանք, ում խոսքը գործ է, թող գնան եւ գործով զբաղվեն, իսկ ԱԺ-ում գործը պետք է խոսք լինի եւ օրենք»,- ասաց Ռուբեն Ավագյանը՝ շեշտելով, որ «կուսակցությունների մեծ մասի կարգախոսն է խաբիր, եթե կարող ես, ուստի տալիս են սուտ խոստումներ»:

«Միավորված հայերը» կողմ է առողջ եւ կառուցողական ընդդիմությանը եւ պատրաստ է համագործակցել պետականամետ ուժերի հետ: NEWS.am-ի հարցին, թե այդպիսի ինչ ուժեր են տեսնում Հայաստանոմ, որոնց հետ կհամագործակցեն, Ռուբեն Ավագյանը պատասխանեց, որ դա կերեւա ԱԺ-ում, իսկ առայժմ չեն կարող ասել: Նրանք փորձել են համագործակցել տարբեր ուժերի հետ, բայց մնացել են որպես երրորդ ուժ:

Նա չցանկացավ նշել, թե «Միավորված հայեր» կուսակցությունը քանի ձայն կստանա ընտրությունների արդյունքում, բայց շեշտեց, որ եթե համոզված չլինեին, որ հաղթահարելու են 5 տոկոսի շեմը, ապա չէին մտնի քաղաքականություն:

Նշենք, որ «Միավորված հայերը» մասնակցում է մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նրանք դեմ են փողոցներում միջոցառումներ անցկացնելուն, ուստի քարոզարշավը կազմակերպում են ամբողջ Հայաստանում գործող 16 շտաբերի, շրջիկ շտաբերի միջոցով:

news.am