Այսօր իշխանության թևերը “окутаны плутократами, как раковая опухоль”

 

“ՄՀԿ” նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ավագյանին խնդրեցինք պատասխանել հետևյալ հարցերին

 

Պրն. Ավագյան, այսօր պարզից էլ պարզ է, որ գիտնականը գիտությամբ պիտի զբաղվի, իսկ քաղաքականությամբ` քաղաքական գործիչը: Համամիտ չե՞ք:

Սկզբունքորեն` դա ճիշտ է, բայց եթե գիտնականն ունի կառավարման համապատասխան քաղաքական փորձ, և հատկապես, իրավական դաշտի իմացություն, ինչո՞ւ դա չօգտագործել,երբ այն կարող է նպաստել և օգուտ բերել երկրին և մեր ժողովրդին:

Ինչ խոսք, կապիտալը չունի ազգություն և հոսում է այնտեղ, որտեղ պաշտպանված է Օրենքով: Համոզված եմ, որ ՄՀԿ-ն այդ իրավական դաշտը կպաշտպանի:

 

Ձեր կուսակցության անվանումը «Միավորված հայեր» է :

Հավատու՞մ եք, որ հայերը կարող են միավորվել:

Ազգի միասնության գաղափարը վերացական հասկացություն չէ: Պատմականորեն մշակված, իրագործելի և առավել հոծ զանգվածների համար ցանկալի գաղափարներն ու նպատակներն ի վիճակի են համախմբել ազգի առողջ հատվածը: Ինչ վերաբերվում է ՄՀԿ-ին, ապա նա առաջնորդվում է ազգային գաղափարախոսությամբ, որի հիմքն է համազգային սթափ մտածողությունը, որը, համամարդկային արժեքներն ընդունելով հանդերձ, ենթադրում է առաջնորդվել ազգային շահերով:

Ինչպես բոլորիս է հայտնի, ազգային գաղափարախոսությունը վեր է կանգնած հասարակական խավերից, կուսակցությունների և անհատական շահերից: Ելնելով շարադրյալից, այո մենք հայերս կարող ենք և պարտավոր ենք ազգովի միավորվել այն խնդիրների շուրջ, որոնք ծառայցել են մեր ժողովրդի և պետության առջև և` ոչ միայն այսօր…

Հանրապետությանը ծանր վիճակից դուրս կարող է բերել միայն միավորված և ըստ մասնագիտությունների կողմնորոշված մեր մտավորականությունը:

 

 

Ըստ Ձեզ` մտավորականները ինչպիսի ՞ ն պիտի լինեն, ակտի՞վ, թե` դեգրադացված:

“Մտավորական” բառն արդեն ենթադրում է ակտիվություն և պատասխանատվություն: Ձեր հարցադրումից հարցեր են ծագում, ինչպիսի՞ն է հայ մտավորականության դերը` ինչպես մեր հասարակության զարգացման բեկումնային շրջանում, այնպես էլ, ընդհանրապես, նրա զարգացման գործում: Իրավացի՞ են արդյոք անցյալի ու ներկայիս մեղադրանքները մեր մտավորականության հասցեին. իրավիճակին տիրապետելու անկարողության, ժամանակի պահանջները, մեր բազմաչարչար ժողովրդի ընթացիկ և ապագա կենսական անհրաժեշտությունները չհասկանալու վերաբերյալ:

“Միավորված հայեր” կուսակցության տեսանկյունից պատասխանը պետք է մեկը լինի. ի վերջո պետք է արթնանա մեր ժողովրդի խիղճը, այսինքն` մտավորականությունը, և պատասխանատու լինի մեր ժողովրդի առջև` անցյալի, ներկայի ու ապագայի համար: Պարզապես, պետք է յուրաքանչյուր մտավորականը գտնի օգտակարության իր տեղը ` վեր կանգնած լինի հասարակական, քաղաքական խաղերից և անձնական շահերից: ՄՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ հայ ժողովուրդը կորցրել է իր հավատը իշխանության և իր ապագայի հանդեպ: Ժողովրդի կարգախոսը դարձել է` “Ապրում ենք էլի, ինչ ենք անում իշխանությունը…”: Եվ վերջում, իհարկե, մտավորականը դեգրադացված չպետք է, նա ազգին ուղղորդողն է, և ոչ թե` ճամբարների բաժանողը:

 

Պարոն Ավագյան, ՄՀԿ-ի ծրագրում կան կետեր, որոնք կանոնակարգում են պետական կառույցներում կնոջ դերը: Մանրամասնեք, խնդրեմ:

Այո, կնոջ դերի բարձրացումը` մեր ծրագրում տեղ գտած կարևորագույն կետերից մեկն է: Կնոջ տեղի և դերի բարձրացման հետ համահունչ, ՄՀԿ-ը ցանկանում է տեսնել կնոջ նկատմամբ պետական և հասարակական հոգածություն` սկսած մեր երկրի ապագան երաշխավորող գալիք սերունդների առողջ ծնունդից, առողջապահական խնդիրներից և զբաղվածությունից` մինչև պետական և հասարակական քաղաքակական կառույցներում կանանց համակողմանի ընդգրկումը: Մասնավորապես, օրենսդիր մարմնում կանանց ներկայացուցիչների ընդգրկումը` 25 % -ից ոչ պակաս: Մեր երկրում կնոջ դերը էլ ավելի մեծ պետք է լինի հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտներում:

Որպես հզոր և կայուն պետականության կողմնակից` երրորդ ուժի ջատագով, խնդրում եմ ներկայացրեք Ձեր տեսակետը, ՄՀԿ-ի գնահատականը նախկին ՀՀ նախագահներ` Լևոն Տեր - Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման շրջանների օրոք:

Մենք չենք կարող թերագնահատել շարժման առաջին շրջանի դրական գործունեությունը, մասնավորապես` Ղարաբաղյան պատերազմում հաջողությունները, ՀՀ անկախությունը, բանակի ստեղծումը և այլն: Սակայն անհրաժեշտ է նշել, որ տեղ գտած օրենքի և ազգային շահերի ոտնահարումներ, որոնց հետևանքները ժողովուրդն այսօր էլ է զգում իր մաշկի վրա:

ՀՀ երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած տարիներին, իհարկե, նկատելի էին որոշ դրական տեղաշարժեր`ցեղասպանության ճանաչման, ճանապարհային շինարարության և, ինչու չէ, տնտեսական որոշակի աճի և այլնի, սակայն ժամանակը ցույց տվեց, որ ներկա իրավիճակում աններելի էին բաց թողնված պրոֆեսիոնալ կադրային քաղաքականությունը, ստվերային տնտեսությունը, զարգացում ապրող կոռուպցիայի, այդ թվում` կաշառակերության, իրավունքի ոտնահարման և այլ գործընթացների վրա ներազդելու` առաջին հայացքով ժամանակը, բայց իրականում, ՄՀԿ-ի կարծիքով` ցանկությունը:

Ամենակարևորը, այդ տարիներին ստեղծվեց և հովանավորվեց այն դաշտը, որ թույլ տվեց մոնոպոլիստներին և օլիգարխներին դառնալ պլուտոկրատներ, այսինքն` իշխանությունն անցավ մեծահարուստների ձեռքը:

 

 

Դուք համամի՞տ եք գործող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայիս վարած քաղաքականության հետ:

Թողնենք մի կողմ քաղաքական դաշտում բազմիցս հնչեցված դրական և բացասական սուբյեկտիվ գնահատականները:

Ծանր պատերազմական տարիներին ես ականատես եմ եղել նրա գործունեությանը և իմ հնարավորության սահմաններում աջակցել եմ նրան:

Երկրի գործող նախագահը հայտարարեց, որ հայ ժողովուրդը ձգտում է արդարության, որ ժամանակն է ուժեղացնելու պայքարը օլիգարխների ու կոռուպցիայի դեմ:

Նշված պայքարը համահունչ է իմ կողմից ղեկավարվող “Միավորված հայեր” կուսակցության Ծրագրին:

 

Դուք Ձեր հարցազրույցում շեշտեցիք, որ երկար տարիներ աշխատել եք Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ: Միթե՞ ներկայումս նրա ազդեցության տակ չեք և նրա թելադրանքով ապագայում չեք գործի:

Ես, իրոք, մինչև 2000թ. ծառայել եմ Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարված Պաշտպանության և Ազգային անվտանգության նախարարություններում, իմ կենսագրությունը գաղտնիք չէ ոչ մեկի համար: Չի կարելի բացառել Սերժ Սարգսյանի էական դերը Ղարաբաղի ազատագրական շարժման և Հայոց բանակի ստեղծման գործում: Ես իմ գիտակցական ողջ կյանքում հանդես եմ եկել` որպես օբյեկտիվ ու սկզբունքներին չդավաճանող անձնավորություն և առաջնորդվում եմ ՙՄիավորված հայեր՚-ի որդեգրած սկզբունքներով` ունենալով մեկ նպատակ` ստեղծել ճշմարիտ սոցիալ-իրավական պետություն, որտեղ կգործի իրավունքի գերակայությունը, և իշխանության տիրակալը կլինի ազգին ծառայող Օրենքը:

 

Եթե 2012 թ. ՄՀԿ-ն ընդգրկվի Ազգային ժողովում, ինչպես կխուսափեք տանիք դառնալ այն ուժերին, որոնք Ձեզ ընտրություններում կաջակցեն:

 

Նախ ՄՀԿ-ն պետք է որոշի մասնակցելու է, թե` ոչ 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրություններին: Եթե այո, ապա ՄՀԿ-ի ընտրող “տանիքը” լինելու է այն ուժերը, որոնք ընդունում են մեր Ծրագիրը (ՄՀԿ-ի Ծրագիրը տես ՙՄիավորված հայեր՚ շաբաթաթերթի N 02/ 13.04.2011թ.): Իսկ այսօր մենք ազգովի պետք է ուժեղացնենք պայքարի պլուտոկրատների` մեծահարուստների իշխանության դեմ, օգնելով նրանց ազատել օրենսդիր, գործադիր և դատական համակարգերին իշխելուց` վերադարձնելով իշխանությունը ժողովրդին: Ցավոք, իշխանության վերոհիշյալ թևերը այսօր “окутаны плутократами, как раковая опухоль”.

 

Հարգարժան պրոֆեսոր, իսկ ինչու ՞ է ՄՀԿ-ն ընտրել Զվարթնոց տաճարի վերականգնումը

Այո, “Միավորված հայերն” իրենց խնդիրներից մեկն են համարում նաև Զվարթնոց տաճարի վերականգնումը` Թորոս Թորոմոնյանի նախագծով:

ՄՀԿ-ի անդամների համար Զվարթնոց տաճարը հանդիսանում է որպես հայոց հավատքի, փառքի և միասնության խորհրդանիշ:

Վերականգնելու նպատակով ստեղծվել է Զվարթնոցի վերականգնման հոգաբարձությունների խորհուրդ, բացվել հիմնադրամ, որում իրենց լուծման են ներդնում ոչ միայն “Միավորված հայեր” կուսակցության անդամները:

Մենք ասում ենք. Օրհնյալ է հարությունը Զվարթնոցի …

Մեր կարգախոսն է.«Արպացրու օրդ Սուրբ տաճարի վերականգնման մեջ` քո փոքրիկ ներդրումով»:

ՄՀԿ-ն նախատեսում է մոտ ժամանակ ԶԼՄ-ների միջոցով կազմակերպել հեռուստամարաթոն «Վերականգնենք Զվարթնոցը` հայոց համայքի փառքի և միասնության խորհրդանիշը» կարգախոսով: